Թուրքիայի արեւելյան շրջանի (Արեւմտյան Հայաստան) ձմեռային հանգստավայրերում հանգստացողների մեջ այս տարի կլինեն նաեւ հայաստանցիներ։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Էրզրումի Փալանդոքենի ձմեռային հանգստավայրում հյուրանոցները նախօրոք ամրագրվել են ռուսների եւ ուկրաինացիների կողմից, իսկ Կարսի նահանգի Սարիղամիշի հյուրանոցները՝ նաեւ ադրբեջանցիների, իրանցիների ու հայաստանցիների կողմից։
Սարիղամիշի Չամքար հյուրանոցի տնօրեն Քամուրան Էրօղլուն նշել է, որ իրենց հյուրանոցում արդեն ազատ համարներ չկան։ Վերջինս ավելացրեց, որ այս տարի իրենց հյուրանոցում ձմեռային հանգիստը անցկացնել ցանկացողների թվում շատ են հայաստանցիները։
Սարիղամիշի մեկ այլ՝ Թոփրաք հյուրանոցի պատասխանատու Սերքան Թահանան հայտնեց, որ Հայաստանից եկող մի քանի խմբեր իրենց հյուրանոցում նշելու են Նոր տարին:




























