ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնացել է դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային, եթե Կիևը շարունակի հարվածներ հասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ)։ Այս մասին «Financial Times» (FT) պարբերականին հայտնել են եվրոպացի պաշտոնյաների թվում գտնվող աղբյուրները։ Մասնավորապես, Վաշինգտոնի ներկայացուցիչները սպառնացել են կասեցնել PURL («Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկ») մեխանիզմի աշխատանքը, որով եվրոպական երկրները ուկրաինական բանակի համար ամերիկյան զենք են գնում, ինչպես նաև հրաժարվել հետախուզական տվյալների փոխանակումից։
FT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նման սպառնալիքները հնչել են նախորդ հանգստյան օրերին կայացած հեռախոսազրույցների ընթացքում։ «Նրանք զանգահարում են Կիև․․․ զանգահարում են բոլորին [Եվրոպայում]», — նշել է FT-ի զրուցակիցներից մեկը։ Ամերիկացիների հետ կապ հաստատած անձանց թվում պարբերականը նշում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ռազմական խորհրդական Պավել Պալիսային, ով նախկինում հրամանատարել է 93-րդ առանձին մեխանիզացված բրիգադը։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տանը հրաժարվել են պաշտոնապես հաստատել զանգերի փաստը և մեկնաբանել սպառնալիքների մասին տեղեկությունը։
Նախօրեին՝ հոկտեմբերի 11-ին, Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարի մեկնարկի մասին։ «Երկու կողմերն էլ համաձայնել են։ Մի՛ խախտեք այն», — գրել էր Սպիտակ տան ղեկավարը «Truth Social» սոցիալական ցանցում։ Զելենսկին, իր հերթին, հայտարարել էր, թե առաջին անգամ է լսում համաձայնագրի մասին, սակայն ավելի ուշ հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերին (ՈւԶՈՒ) հրամայել է հարվածներ չհասցնել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին։
Մինչդեռ «Axios»-ի աղբյուրների տվյալներով՝ Ռուսաստանը դեռևս համաձայնություն չի տվել Թրամփի հայտարարած զինադադարին։ «Ռուսները մտածում են այդ ուղղությամբ։ Շուտով կիմանանք՝ պատրաստ են արդյոք», — հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան։ Միևնույն ժամանակ նա պարզաբանել է, որ զինադադարը ենթադրում է միայն միմյանց ՆՎԳ-ների վրա հարձակումների դադարեցում։ Եթե կողմերը հրաժարվեն հարվածներից, պայմանավորվածությունը կարող է տարածվել նաև էլեկտրակայանների և էներգացանցերի վրա։
Միևնույն ժամանակ, «Axios»-ի ուկրաինացի զրուցակիցը «ՆՎԳ՝ ՆՎԳ-ի դիմաց» սխեման անհամարժեք է անվանել, քանի որ Ռուսաստանն ունի նավթավերամշակման գործարանների ընդարձակ ցանց, իսկ Ուկրաինան՝ ընդամենը մեկը, որն էլ չի աշխատում ողջ հզորությամբ։ «Մեզ անհրաժեշտ է, որ ռուսները դադարեն հարվածել մեր էներգահամակարգին», — ընդգծել է ուկրաինացի պաշտոնյան։
Թրամփը ձգտում է, որ Ուկրաինան դադարի հարվածել ռուսական ՆՎԳ-ներին, քանի որ կարծում է, որ այդ հարվածների պատճառով ԱՄՆ-ում բարձրանում են ավտոմոբիլային վառելիքի գները։ «Թրամփը շատ բարկացած է։ Նրան թվում է, թե [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկին ԱՄՆ-ի աջակցությունն ընդունում է որպես ինքնստինքյան ենթադրվող իրողություն», — նշել է Սպիտակ տան «Axios»-ի աղբյուրը։





























