Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ անձամբ է կարդում իրեն ուղղված մարդկանց դիմումները: Նա նաեւ խոստովանել է, որ թշնամական եւ վիրավորական նամակների պատճառով ինքը տառապում է անքնությամբ: «Ինձ մոտ աշխատում են բազմաթիվ պարկեշտ ու պրոֆեսիոնալ կատարողներ: Նրանք ուսումնասիրում են բոլոր դիմումները, համակարգում են, պատրաստում հանձնարարականներ, որոշումներ ու պատասխաններ»,-հայտարարել է Յանուկովիչը «Սեգոդնյային» տված հարցազրույցում:
Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ իրեն գրում են տարբեր մարդիկ տարբեր բաների մասին, նույնիսկ իրենց տեսագրություններով սկավառակներ են ուղարկում: «Երբ այդ ձայնագրությունները վերծանում են ու ինձ ներկայացնում տեքստը թղթի վրա, ես ասում եմ, ոչ տվեք լսեմ, թե ինչ է ասել մարդը, ինչ տոնով ու ձեւով: Երբեմն տհաճ է լինում լսելը, լինում են վիրավորանքներ, թշնամություն, անթույլատրելի տոն, անգամ սպառնալիքներ, բայց դա կյանքն է: Ինձնից ոչ ոք ոչինչ չի թաքցնում, դա արգելված է:
Ես կարդում եմ եւ գիտեմ, թե ինչ են ինձ գրում իրականում: Բայց չարությանն անհնար է սովորել, որի պատճառով էլ ինձ մոտ հաճախ անքնություն է լինում: Մտածում ես ու չես հասկանում, թե որտեղից այդքան ատելություն եւ ինչպես դրան պատասխանես»,-ասել է նա:




























