ՆԱՏՕ-ն սկսել է ամենամյա Steadfast Noon զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվում է միջուկային զենքի կիրառումը դաշինքի տարածքը պաշտպանելու համար, հաղորդում է dpa գործակալությունը։

Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև հաջորդ շաբաթվա վերջ, կմասնակցեն 17 երկրների զինվորականներ, երեքշաբթի Բելգիայի Մոնս քաղաքում հայտնել է ՆԱՏՕ-ի ռազմական շտաբի ներկայացուցիչը։

Գերմանիան Իտալիայի հյուսիսում տեղակայված Ավիանո ավիաբազա է ուղարկել 33-րդ տակտիկական ավիաթևի կազմում ընդգրկված երեք Tornado կործանիչ-ռմբակոծիչ։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցում են մի քանի տասնյակ գերմանացի զինծառայողներ, հայտնել է գերմանական ավիացիան։

Tornado ինքնաթիռները սովորաբար տեղակայված են Գերմանիայի արևմուտքում՝ Ռայնլանդ-Պֆալց դաշնային երկրամասի Բյուխել ավիաբազայում։ Չհաստատված տեղեկություններով այնտեղ պահվում են ամերիկյան միջուկային զինամթերքներ, որոնք արտակարգ իրավիճակի դեպքում ՆԱՏՕ-ի միջուկային զենքի համատեղ օգտագործման համաձայնագրի շրջանակում կարող են կիրառել գերմանական կործանիչ-ռմբակոծիչները։ Ամերիկյան միջուկային սպառազինության ենթադրյալ պահեստավորման վայրեր կան նաև Իտալիայում, Բելգիայում և Նիդերլանդներում։

ՆԱՏՕ-ն մինչև վերջին ժամանակներս չէր բացահայտում ընթացիկ զորավարժությունների մանրամասները՝ միայն նշելով, որ դրանց ծավալը համադրելի է անցյալ տարվա զորավարժությունների հետ։ Այն ժամանակ դրանց մասնակցում էին շուրջ 2000 զինծառայող և ավելի քան 70 ինքնաթիռ, դրանց թվում՝ ժամանակակից F-35 կործանիչներ, հետախուզական ինքնաթիռներ և օդային լիցքավորողներ։

Զորավարժությունների սցենարը գաղտնի է։ Ռազմական փորձագետների գնահատմամբ՝ հոկտեմբերին պարբերաբար անցկացվող այս մանևրների ընթացքում մշակվում են միջուկային զինամթերքի անվտանգ տեղափոխման ընթացակարգերը ստորգետնյա պահեստներից դեպի ինքնաթիռներ և դրանց տեղադրումը կործանիչների վրա։ Ընդ որում օգտագործվում են միայն ուսումնական զինամթերքներ՝ առանց միջուկային մարտագլխիկների։

ՆԱՏՕ-ում ընդգծում են, որ Steadfast Noon-ը պլանային զորավարժություններ են, որոնք կապված չեն ընթացիկ միջազգային իրադարձությունների հետ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը մի քանի տարի շարունակ մնում է դաշինքի սպառնալիքների գնահատման գլխավոր գործոններից մեկը։ Սեպտեմբերի վերջին Մոսկվան կրկին նախազգուշացումներ է հնչեցրել ամբողջ առկա ռազմական զինանոցի, ներառյալ միջուկային զենքի, կիրառման հնարավորության մասին՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների և Կալինինգրադի մարզի հնարավոր մեկուսացման վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ զորավարժություններն անհրաժեշտ են դաշինքի միջուկային զսպման արդյունավետությունն ու համոզիչությունը պահպանելու համար, որը կոչված է պահպանել խաղաղությունը և թույլ չտալ ճնշում ՆԱՏՕ-ի երկրների նկատմամբ։ Ըստ նրա՝ մանևրները միաժամանակ ցուցադրում են դաշնակիցների միասնությունն ու վճռականությունը։