Եվրախորհրդարանն, այսօր` մայիսի 24-ին, Ուկրաինային նվիրված բանաձեւ է ընդունել, որտեղ պահանջել է «անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում ընդդիմության առաջնորդներին», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Եվրապատգամավորները քաղբանտարկյալների թվում են դասել նաեւ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, ինչպես նաեւ նրա կառավարության երկու նախկին նախարարների` Յուրի Լուցենկոյին (ՆԳ նախկին նախարար) եւ Վալերի Իվաշչենկոյին (պաշտպանության նախկին նախարար), հաղորդում է lenta.ru-ն:

Եվրախորհրդարանն իր բանաձեւում կոչ է անում Ուկրաինայի ղեկավարությանը լուծել քաղբանտարկյալների հարցը նախքան նախընտրական քարոզարշավի սկսելը:

Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները կայանալու են այս տարվա աշնանը:

Հիշեցնենք, որ Տիմոշենկոյին եւ Լուցենկոյին ազատ արձակելու կոչով բանաձեւ է ընդունել ԵԽԽՎ-ն, սակայն երկրի իշխանությունների վրա այդ կոչը չի ազդել: