Շվեյցարիայի կարգավորող մարմինը գերմանական հայտնի BMW ընկերությանը տուգանել է 156 մլն ֆրանկով (մոտ 163 մլն դոլար) այն բանի համար, որ BMW-ն, իբր, խոչընդոտել է շվեյցարացիներին մեքենաներ վաճառել Շվեյցարիայի սահմաններից դուրս: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Վերջին տարիներին, շատ շվեյցարացիներ նախընտրում են խոշոր գնումներ կատարել Գերմանիայում, Իտալիայում եւ այլ եվրոպական երկրներում, որտեղ գործում է եվրոն: Պարտքային ճգնաժամի պատճառով եվրոյի փոխարժեքը ֆրանկի նկատմամբ զգալիորեն նվազել է, ինչը ֆրանկով գնում կատարելը ոչ շահավետ է դարձրել:

Ներկայումս Շվեյցարիայում BMW 316d-ն արժե 43,6 հազար ֆրանկ, իսկ Գերմանիայում` 30,6 հազար եվրո: Դոլարի վերածելով ստացվում է համապատասխանաբար 45,4 եւ 38,4 հազար դոլար:

BMW-ն հերքում է մեղադրանքները եւ հայտարարում, որ բողոքարկելու է ընդունված որոշումը: