Ըստ Associated Press գործակալության՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Կալիֆոռնիայի իշխանություններին սպառնացել է դատական միջոցներով, եթե նահանգը չստուգի այն ենթադրյալ ոչ քաղաքացիների տվյալները, որոնց, դաշնային իշխանությունների պնդմամբ, փոստով նոյեմբերյան միջանկյալ ընտրություններին մասնակցելու քվեաթերթիկներ են ուղարկվել։
Երեքշաբթի Կալիֆոռնիայի պետքարտուղար Շիրլի Վեբերին ուղղված դիմումում, որը ստորագրել էր գլխավոր դատախազի պաշտոնակատար տեղակալ Թրենթ ՄըքՔոթերը, նահանգին 48 ժամ է տրվել ցուցակը ստուգելու համար։ Արդարադատության նախարարության տվյալներով՝ դաշնային իշխանությունները Լոս Անջելես շրջանի աշխատակիցներին գաղտնաբառով պաշտպանված USB կրիչ են փոխանցել՝ այն անձանց անուններով, որոնք, ենթադրաբար, ԱՄՆ քաղաքացիություն չունեն, սակայն ընտրական քվեաթերթիկներ են ստացել։
Եթե ցուցակում նշված անձանց քաղաքացիությունը չհաջողվի անկախորեն հաստատել, տեղական ընտրական մարմինները պետք է նրանց փոստային քվեաթերթիկներն առանձնացնեն մյուսներից՝ մինչև կարգավիճակի հստակեցումը։ Իսկ նրանց, ովքեր դեռ չեն ստացել քվեաթերթիկ, այն չպետք է տրամադրվի մինչև ստուգման ավարտը։ Նմանատիպ նամակ արդարադատության նախարարությունն ուղարկել է նաև անմիջապես Լոս Անջելես շրջանի ընտրական ծառայությանը։
Գերատեսչությունը զգուշացրել է, որ սահմանված ժամկետում պահանջները չկատարելու դեպքում կարող է դիմել դատարան՝ հրատապ միջոցներ ստանալու համար։ Կալիֆոռնիայի պետքարտուղարի գրասենյակի և Լոս Անջելես շրջանի ընտրական ծառայության ներկայացուցիչները լրագրողների հարցումներին օպերատիվ չեն պատասխանել։
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս տարի մեծ ուշադրություն է դարձնում ընտրություններին մասնակցող ԱՄՆ քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտմանը, թեև նման դեպքերը չափազանց հազվադեպ են։ Associated Press-ի տվյալներով՝ տարվա սկզբից արդարադատության նախարարությունն ընտրական օրենսդրության խախտումների տարբեր գործերով մեղադրանք է առաջադրել մոտ 90 անձի, դրանց թվում՝ 50-ին՝ ԱՄՆ քաղաքացիություն չունենալով քվեարկելու կասկածանքով։
Հուլիսին ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալլինը նամակներ է ուղարկել Կալիֆոռնիային, Նևադային, Նյու Ջերսիին և Փենսիլվանիային՝ հայտարարելով, որ այդ նահանգներում կարող են գրանցված լինել ԱՄՆ քաղաքացիություն չունեցող 250 հազար անձինք։ Վեբերն այն ժամանակ կասկածի տակ էր դրել ներկայացված տվյալների հավաստիությունը և հայտարարել, որ իր գերատեսչությունը դաշնային իշխանություններին չի փոխանցել նահանգային մասշտաբով ընտրողների ընդհանուր ցուցակը։





























