Բուլղարիան պաշտոնապես դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով մարտական ավիացիա և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր ուղարկել՝ երկրի պաշտպանությունն ամրապնդելու համար Սև ծովում առևտրային նավերի վրա անօդաչու սարքերի մի շարք հարձակումներից հետո։ Դրա մասին հայտարարել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Այս շաբաթ անօդաչու թռչող սարքերը հրդեհներ են առաջացրել Ռումինիայի սևծովյան ափի մոտ գտնվող երկու նավերի վրա։ Երեքշաբթի անօդաչու սարքի հարձակումից հետո առևտրային նավը խորտակվել է Բուլղարիայի ափերի մոտ, ինչը Սոֆիային դրդել է հրավիրել Ռուսաստանի դեսպանին։
Այս միջադեպերը ցույց տվեցին աճող վտանգը, որը ռուս-ուկրաինական հակամարտությանն առնչվող անօդաչու սարքերի հարձակումները սպառնում են առևտրային նավագնացության համար՝ ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևի մոտակայքում։ Ի պատասխան՝ Բուլղարիան ձգտում է ուժեղացնել դաշինքի պաշտպանական հնարավորությունները Սև ծովում։
«Մենք նամակներ և հարցումներ ենք ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին՝ կոչ անելով նրանց ամրապնդել մեր հնարավորությունները։ Դա նաև ենթադրում է լրացուցիչ ուժերի տեղակայում մեր տարածքում։ Այժմ մենք սպասում ենք նրանց որոշմանը»,- հայտարարել է Ստոյանովը։





























