ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Իլոն Մասկին, որը ներկայացրել է թռչող Tesla Roadster 2 սպորտային էլեկտրական ավտոմեքենան։
«Ես շատ ուրախ եմ Իլոնի համար։ Դա շատ տպավորիչ է», - լրագրողներին ասել է Թրամփը։
«Չգիտեմ՝ արդյոք ինձ կտեսնե՞ք այդ մեքենայում», - նշել է նախագահը։
Ավելի վաղ Tesla-ն և տիեզերագնացական SpaceX-ը ներկայացրել էին հրթիռային շարժիչներով համալրված սպորտային էլեկտրամեքենան։ Շնորհանդեսի ժամանակ սպորտքարը բարձրացել է կիսաշրջանի ձև ունեցող հարթակի վրա, պահվել է այնտեղ շրջված դիրքով, ապա մակերևույթից պոկվելով «թռել», հետո օդում շրջվել և վայրէջք կատարել։ Roadster-ը կարող է 0-ից մինչև ժամում 60 մղոն (96,6 կմ) արագություն զարգացնել մեկ վայրկյանից էլ պակաս ժամանակում։ Մասկը պնդում է, որ այս մեքենան կկարողանա «փաստացիորեն թռչել հրթիռի պես»։ Ակնկալվում է, որ մոդելը ճանապարհներին կհայտնվի ոչ շուտ, քան 2028 թվականին։





























