Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու այլ երկրները պետք է շարունակեն վճարել Ուկրաինայի ռազմական գործողությունների համար և Կիևին զենք, զինամթերք ու տեխնիկա մատակարարել։ Նախաագահը միաժամանակ պնդում է, որ ուկրաինացիներին հարկադրաբար ուղարկում են ռազմաճակատ, իսկ երկրում դասալիքների թիվը կարող է հասնել կես միլիոնի։
«Բայց ինչո՞ւ է այսօրվա ուկրաինական ղեկավարությունը որոշել, որ ամբողջ աշխարհը պետք է վճարի իրենց, կռվի իրենց փոխարեն, զենք, զինամթերք, տեխնիկա և այլ բաներ մատակարարի։ Ահա դա անհասկանալի է»,- լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի գնահատմամբ՝ Ուկրաինային աջակցելով՝ եվրոպական որոշ երկրներ և այլ պետություններ ձգտում են թուլացնել Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ նա կասկածի տակ է դրել՝ արդյո՞ք պատերազմի շարունակումը բխում է իրենց՝ ուկրաինացիների շահերից։
«Նրանք պատրաստվում էին օգնել մինչև վերջին ուկրաինացին։ Դա նույնպես այդ մեծ խնդրի և ողբերգության կողմերից մեկն է, որովհետև, ասենք, Եվրոպայի որոշ երկրներ, ենթադրենք, կամ աշխարհի այլ տարածքներում ուզում են պատերազմել Ռուսաստանի դեմ՝ երկիրը թուլացնելու նպատակով, բայց մի՞թե դա հենց Ուկրաինայի ազգային գաղափարն է»,- ասել է Պուտինը։
Նա ուկրաինական ղեկավարությանը և պատերազմի շարունակման կողմնակիցներին մեղադրել է նաև զինծառայողների նկատմամբ «սպառվող նյութի» պես վերաբերվելու մեջ։
«Մենք տեսնում ենք, որ նրանց անտուն շների պես հավաքում են փողոցներից, բռնի կերպով քշում ռազմաճակատ»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ նկատի ունենալով Ուկրաինայում զորահավաքը։
ՌԴ նախագահի գնահատմամբ՝ նման գործելակերպը հանգեցնում է զինծառայողների մոտիվացիայի նվազմանը։
Պուտինը նաև հայտարարել է ուկրաինական բանակում դասալքության մեծ ծավալների մասին, սակայն չի նշել ներկայացված թվերի աղբյուրը։
«Դե, գրեթե պաշտոնական տվյալներով՝ կես միլիոն դասալիք կա։ Պաշտոնապես միայն ավելի քան 300 հազար քրեական գործ են հարուցել, իսկ իրականում, դրա մասին արդեն գրեթե հրապարակավ էլ են խոսում, 500 հազար, կես միլիոն։ Իսկ իրականում, ես կարծում եմ, որ նույնիսկ ավելին է»,- հայտարարել է ՌԴ առաջնորդը։





























