Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է փնտրել Ուկրաինայի հետ հակամարտությունից դիվանագիտական ելք՝ չնայած կողմերի միջև առկա տարաձայնություններին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ուկրաինացիներին համարում է եղբայրական ժողովուրդ և կարծում է, որ հնարավոր են պայմանավորվածություններ։

«Մենք նաև այժմ պատրաստ ենք բանակցել և փնտրել այս ծանր, բարդ իրավիճակից ելքեր, այն իմաստով, որ դա մեզ համար շատ մոտ ժողովուրդ է, հասկանո՞ւմ եք»,- լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Պուտինը։

Նա վկայակոչել է գենետիկական հետազոտությունները, որոնք, նրա կարծիքով, վկայում են ռուսների և ուկրաինացիների մերձավոր լինելու մասին։

«Վերջին գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ ռուսներն ու ուկրաինացիները, իրականում մեկ ժողովուրդ է»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է հաշվի առնել հայացքների տարբերությունները և փնտրել պայմանավորվածություններ՝ չնայած ձևավորված պատմական հանգամանքներին։

«Այսպես է դասավորվել պատմական Ռուսաստանի պատմությունը, այսպիսին են այսօրվա իրողությունները, ամեն ինչի շուրջ կարելի է պայմանավորվել։ Կարծում եմ՝ մենք կարող ենք պայմանավորվել, համաձայն ենք դրա հետ։ Բայց եթե ինչ-որ մեկը ցանկանում է այլ կերպ, ինչ արած, կլինի այլ կերպ»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ բանակցությունների պատրաստակամությունը չի նշանակում Ռուսաստանի հայտարարած նպատակներից հրաժարում։

«Բայց ամեն դեպքում, մենք մեր խնդիրները կլուծենք, և մենք կհասնենք հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին»,- հայտարարել է նախագահը։

Ռուսաստանի առաջնորդը միաժամանակ հիշեցրել է հակամարտության ներկա փուլին նախորդած կարգավորման փորձերի մասին, ներառյալ Մինսկի համաձայնագրերը։ Նախագահն ընդգծել է, որ Մոսկվան բազմիցս առաջարկել է պայմանավորվել, սակայն այդ ջանքերը հակասությունների լուծմանը չեն հանգեցրել։

Կիևը մերժում է ռուսական պայմանները, որոնք ենթադրում են տարածքային փոփոխությունների ճանաչում և այլ զիջումներ, և պնդում է, որ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվեն։ Այդ տարաձայնությունները մնում են խաղաղ համաձայնագրի ձեռքբերման հիմնական խոչընդոտը։