Գերմանիայում քրեական գործերի հետ կապված բռնագրավված գույքի աճուրդում Lamborghini Aventador-ը վաճառվել է 710 հազար եվրոյով, Audi RS6 Avant Performance-ը՝ 120 հազար եվրոյով։ Ընդհանուր առմամբ, աճուրդը բերել է ավելի քան 2,1 մլն եվրո՝ գերազանցելով կազմակերպիչների նախնական 2 մլն եվրոյի նպատակը, հայտնել է dpa-ն։

Աճուրդը տեղի է ունեցել Շտուտգարտի Mercedes-Benz թանգարանում և անցկացվել է ինչպես դահլիճում, այնպես էլ առցանց ձևաչափով։ Վաճառքի է հանվել 22 լոտ՝ 15 ավտոմեքենա, երեք մոտոցիկլ և չորս թանկարժեք ժամացույց։ Գույքն առգրավվել էր տարբեր քրեական հետաքննությունների շրջանակում, այդ թվում՝ փողերի լվացման, հարկային հանցագործությունների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով։ Նախկին սեփականատերերի թվում եղել են նաև դատապարտված հանցագործներ։

Ամենաթանկ լոտը Lamborghini Aventador LP 780-4 Ultimate Roadster-ն էր, որը թողարկվել էր սահմանափակ՝ 250 օրինակով։ Աճուրդի պահին դրա վազքը կազմել է ընդամենը 98 կիլոմետր։ Ավտոմեքենան աճուրդում վաճառվել է 710 հազար եվրոյով։

Մյուս սպորտային մեքենաները նույնպես մեծ իրարանցում են առաջացրել։ 640 ձիաուժ հզորությամբ Lamborghini Huracán STO-ն վաճառվել է 370 հազար եվրոյով, իսկ մրցուղիների համար նախատեսված Lamborghini Huracán Super Trofeo EVO 2-ը՝ 225 հազար եվրոյով։ 660 ձիաուժ հզորությամբ Lamborghini Urus Performante-ն ձեռք է բերվել 290 հազար եվրոյով՝ 90 հազար եվրո մեկնարկային գնի դեպքում։

Urban Green գույնի Audi RS6 Avant Performance-ը Մոնակոյից առցանց գնորդին է հասել 120 հազար եվրոյով։ Ընդ որում, բարձր գներ առաջարկվել են ոչ միայն թանկարժեք սպորտային մեքենաերի համար։ 2012 թվականի Audi A4-ը՝ մոտ 239 հազար կիլոմետր վազքով, վաճառվել է 9 հազար եվրոյով՝ 1,5 հազար եվրո մեկնարկային գնի դեպքում։ Volkswagen Polo-ն վաճառվել է 19 հազար եվրոյով՝ նախնական 2 հազար եվրոյի փոխարեն, իսկ 26 հազար կիլոմետր վազքով Volkswagen Multivan T6-ը՝ 60 հազար եվրոյով։

«Օրենքի ձեռքը հասնում է նաև իրավախախտների ավտոտնակներին», — աճուրդի մեկնարկից առաջ հայտարարել է ավագ դատական կարգադրիչ Ալեքսանդր Դոստերը։ Նա խոստովանել է, որ գնորդների հետաքրքրությունն ու առաջարկված գումարները գերազանցել են կազմակերպիչների սպասումները։

Ստացված միջոցները կուղղվեն պետական գանձարան կամ հնարավոր տուժածներին՝ կախված յուրաքանչյուր գործի իրավական հանգամանքներից։