ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա այցը Հարավային Կովկաս եւ Թուրքիա ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց թուրքագետ, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր- Մաթեւոսյանը` ավելացնելով, որ առանձնահատուկ բովանդակություն պետք չէ փնտրել դրանում:
«Ինչ-որ տեղ այս այցը կարելի է համարել Բարաք Օբամայի նախագահության առաջին ժամկետի արդյունքների ամփոփում»,-նկատեց փորձագետը: Նրա խոսքով` խորհրդանշական է, որ պետքարտուղարն այցն սկսում է հենց Հայաստանից, թեեւ անցած անգամ Հայաստանը նրա վերջին կանգառն էր. «Սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղարը տարբերություն չի դնում Հարավային Կովկասի երկրների մեջ եւ փոխում է հերթականությունը տարածաշրջանային այցելությունների ժամանակ»,- կարծում է Տեր-Մաթեւոսյանը:
Փորձագետն ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ ԱՄՆ պետքարտւղարը նախագահության նույն ժամկետի ընթացքում արդեն երկրորդ անգամ է այցելում Հարավային Կովկաս: «Սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում մեր տարածաշրջանին: Այստեղից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում կայունությանն աջակցելու իր դիրքորոշմանը»,-նշեց փորձագետը:
Ինչ վերաբերում է այցի բովանդակային մասին, թուրքագետը նշեց, որ այցի շրջանակում Քլինթոնը լինելու է նաեւ Անկարայում, որտեղ, հավանաբար, կհիշեցնի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հարգման անհրաժշտության մասին:
«Ցանկացած դեպքում Քլինթոնի այցի հիմնական նպատակը «ժամերն ստուգելն է»: Դա նաեւ տարածաշրջանի երկրների աշխարհաքաղաքական գնահատականն է: Այս տեսակետից այդ իրադարձությունը շատ կարեւոր է»,-եզրափակեց փորձագետը:




























