Եվրահանձնաժողովը հաստատել է Security Action for Europe (SAFE) ծրագրի շրջանակում 5,4 միլիարդ եվրոյի պաշտպանական վարկ ստանալու Հունգարիայի հայտը՝ ավարտելով միջոցների բաշխման առաջին փուլը և ֆինանսավորման նոր փուլի համար թողնելով 21 միլիարդ եվրոյից փոքր-ինչ ավելի գումար, հայտնում է Euronews-ը։

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը ապրիլին պաշտոնը ստանձնելուց հետո երկրի նախնական հայտով պահանջվող գումարը 16,4 միլիարդ եվրոյից կրճատել է, հասցնելով մինչև 5,4 միլիարդ եվրոյի։ Թարմացված հայտը պաշտոնապես ներկայացվել է սեպտեմբերի վերջին։

Առկա տվյալներով՝ Մադյարը որոշել է վերանայել նախնական ծրագիրը՝ նախորդ կառավարության հետ կապված կոռուպցիոն ենթադրյալ ռիսկերի պատճառով։

Այժմ միջոցները հատկացնելու համար հայտը պետք է հաստատեն ԵՄ անդամ երկրների կառավարությունները։ Դրանից հետո Եվրահանձնաժողովի և Բուդապեշտի ներկայացուցիչները կստորագրեն վարկային համաձայնագիրը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թոմաս Ռենյեն հաստատել է, որ ընդհանուր 150 միլիարդ եվրո ծավալով ծրագրի շրջանակում դեռ հասանելի է 21 միլիարդ եվրոյից փոքր-ինչ ավելի գումար։

Մինչև դեկտեմբեր ԵՄ երկրներին կառաջարկվի հայտնել լրացուցիչ վարկեր ստանալու կամ բոլորովին նոր հայտեր ներկայացնելու իրենց հետաքրքրության մասին։ Դրանից հետո Եվրահանձնաժողովը կգնահատի ստացված առաջարկները։

Հաջորդ փուլին միանալու հնարավորությամբ հետաքրքրվել է, մասնավորապես, Իռլանդիան, որն առաջին բաշխման շրջանակում վարկ չէր ստացել։ Հոկտեմբերին երկրի պաշտպանության նախարար Հելեն Մաքենթին հայտարարել է, որ Դուբլինը մտադիր է մասնակցել ծրագրին։ «Ես միանգամայն հստակ նշել եմ այդ նպատակը»,- ասել է նա։

Ընդհանուր առմամբ, ռազմավարական ռազմական ներդրումների ֆինանսավորման համար SAFE պաշտպանական վարկերի հայտեր է ներկայացրել ԵՄ 19 երկիր։ Դրանց ընդհանուր ծավալը կազմել է 129 միլիարդ եվրո՝ ծրագրի 150 միլիարդ եվրո ընդհանուր բյուջեի պայմաններում։

SAFE-ը Եվրահանձնաժողովի ReArm Europe 2030 ծրագրի առանցքային բաղադրիչներից է, որն ուղղված է ռազմական գնումների արագացմանը, մատակարարման շղթաների ամրապնդմանը և պաշտպանական արտադրության ընդլայնմանը։ Ծրագիրը նախատեսում է սպառազինության և տեխնիկայի համատեղ գնումներ եվրոպական անվտանգության համար առաջնահերթ ոլորտներում։

Դրանց թվում են զինամթերքը, անօդաչու թռչող սարքերն ու դրանց դեմ պայքարի միջոցները, հակաօդային պաշտպանության համակարգերը, ռազմական շարժունակությունը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները։

Տարբեր հետախուզական գերատեսչությունների գնահատմամբ՝ մինչև 2030 թվականը Ռուսաստանը կարող է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի դեմ զինված ագրեսիայի։

SAFE ծրագիրը կոչված է խթանելու համատեղ գնումները, ամրապնդելու պաշտպանական ձեռնարկությունների համագործակցությունը և բարձրացնելու եվրոպական երկրների զինված ուժերի փոխգործունակությունը։

Ընդ որում, գնվող արտադրանքի բաղադրիչների արժեքի առնվազն 65%-ը պետք է բաժին ընկնի ԵՄ-ին, Ուկրաինային, ինչպես նաև Եվրոպական տնտեսական գոտու և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի որոշ երկրներին։ Մնացած 35%-ը կարող է մատակարարվել ցանկացած երրորդ երկրից։

Ծրագրի շրջանակում ամենախոշոր վարկը ստացել է Լեհաստանը՝ 43 միլիարդ եվրո։ Ֆինանսավորման ամենափոքր ծավալը հատկացվել է Դանիային՝ 46,8 միլիոն եվրո։