Իրավապաշտպան կազմակերպությունները դատի են տվել Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ նոր քաղաքականության պատճառով, որը թաքցնում է արտաքսման սպասող հազարավոր ձերբակալված ներգաղթյալների գտնվելու վայրը։

Հայցվորների կարծիքով՝ իշխանությունների որոշումը ներգաղթի հարցերով փաստաբաններին զրկում է իրենց վստահորդներին գտնելու հնարավորությունից և խոչընդոտում է նրանց արտաքսումը վիճարկելուն։ Հայցը ներկայացվել է Բոստոնի դաշնային դատարան, հայտնում է Associated Press-ը։

Ներգաղթյալներին իրավաբանական օգնություն տրամադրող չորս կազմակերպություններ դատարանից պահանջում են արգելափակել նոր գործելակերպը, որը նրանք անվանում են անօրինական և անմարդկային։ Նրանց պնդմամբ՝ վարչակազմն այն ներդրել է անցյալ ամիս՝ առանց պատճառները հրապարակայնորեն բացատրելու՝ ձգտելով արագացնել այն մարդկանց արտաքսումը, որոնց վերաբերյալ արտաքսման վերջնական որոշումներ են ընդունվել։

Վիճարկվող որոշումը վերաբերում է ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությանը (ICE), որն իր հանրամատչելի առցանց որոնման համակարգից հեռացրել է նման ձերբակալվածների գտնվելու վայրի մասին տեղեկությունները։ Բացի դրանից, գերատեսչության աշխատակիցներին հրահանգվել է չբացահայտել, թե որտեղ են պահվում այդ մարդիկ։ Associated Press-ի տվյալներով՝ անցյալ ամսվա վերջի դրությամբ միջոցառումը վերաբերել է ICE-ի կալանքի տակ գտնվող գրեթե 69 հազար ներգաղթյալներից ավելի քան 16 հազարին։

«Ոչ ոք չպետք է զրկվի իր իրավունքները պաշտպանելու իրական հնարավորությունից միայն այն պատճառով, որ կառավարությունն անհնար է դարձրել փաստաբանի կողմից իրեն գտնելը»,- հայտարարել է հայց ներկայացրած կազմակերպություններից մեկի՝ Greater Boston Legal Services-ի գործադիր տնօրեն Ժակլին Բոումենը։ Նրա համոզմամբ՝ վարչական որոշումը վտանգի տակ է դնում հարյուր հազարավոր մարդկանց, որոնց կյանքը կարող է արմատապես փոխվել՝ առանց անհրաժեշտ իրավաբանական օգնության հասանելիության։

2010 թվականից ներգաղթյալների փաստաբաններն ու հարազատներն օգտվում էին ICE-ի առցանց համակարգից՝ ձերբակալվածների գտնվելու վայրին հետևելու համար, երբ նրանց տեղափոխում էին պահման բազմաթիվ կենտրոնների միջև։ Կանոնների փոփոխությունից հետո իրավաբանները սկսել են կորցնել կապն իրենց վստահորդների հետ և զգալիորեն ավելի շատ ժամանակ ծախսել նրանց որոնելու վրա։ Հայցում նշվում է, որ ICE-ն, դրանց թվում՝ հատուկ տեղեկատվական գիծ կատարված զանգերը հաճախ ավարտվում են երկար սպասումով, խոսակցության հանկարծակի ընդհատմամբ կամ մնում են անպատասխան։

Որոշ փաստաբաններ փորձում են պարզել իրենց վստահորդների գտնվելու վայրը ICE-ի՝ իրավաբանական հեռախոսային խորհրդատվությունների կազմակերպման ծրագրի միջոցով։ Սակայն, ըստ հայցի, դրանից օգտվում է պահման կենտրոնների միայն փոքր մասը։ Արդյունքում իրավաբանները բաց են թողնում դատավարական ժամկետները, փաստաթղթերը ներկայացնում են ուշացումով և ստիպված են լինում հրաժարվել գործերի մի մասից։

Հայցվորները պնդում են, որ նոր քաղաքականությունը խախտում է Վարչական ընթացակարգերի մասին օրենքը, քանի որ ներդրվել է առանց պատճառների բացատրության, ինչպես նաև ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունը, որը պաշտպանում է մարդկանց իրենց իրավական իրավունքների մասին տեղեկացնելու և հնարավոր վստահորդներ փնտրելու՝ փաստաբանների հնարավորությունը։

Միևնույն ժամանակ իշխանությունները հրապարակայնորեն չեն հաստատել տեղեկությունների բացահայտման կարգի փոփոխությունը։ ICE-ն և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը չեն պատասխանել հայցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու՝ Associated Press-ի հարցմանը։ Ավելի վաղ գերատեսչությունները հայտարարել էին, որ առաջնահերթություն են տալիս արտաքսման վերջնական որոշումներ ունեցող մարդկանց արտաքսմանը, և հերքել էին, թե ձերբակալվածներին փաստացի թաքցնում են հարազատներից ու փաստաբաններից։ Նրանց պնդմամբ՝ ներգաղթյալները շարունակում են հեռախոսազանգեր կատարելու հնարավորություն ունենալ։

Հայցում բերված տվյալներով՝ ԱՄՆ-ում բնակվող շուրջ 1,4 միլիոն մարդու նկատմամբ արտաքսման վերջնական որոշումներ են գործում։ Սակայն նույնիսկ նման որոշումների ընդունումից հետո նրանք կարող են հասնել գործերի վերանայման, վիճարկել պահման պայմանները, օրենքով նախատեսված հիմքերով երկրում մնալու թույլտվություն խնդրել կամ բողոքարկել իրենց իրավունքների խախտումները։