Ռուսաստանում հայտնի գործարար Բորիս Բերեզովսկիի դեմ երկու քրեական գործ են հարուցել: Ինչպես հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն, քրեական գործերը հարուցվել են 2012 թվականի ապրիլին համացանցում արտահայտություններ տեղադրելու համար, որոնք զանգվածային անկարգությունների կոչեր են պարունակում:

«Տեքստի բովանդակությունը վկայում է, որ Բերեզովսկին Ռուսաստանի քաղաքացիներին հրապարակայնորեն կոչ է արել զանգվածային անկարգություններ սկսել, որոնք կուղեկցվեն բռնություններով: Մասնավորապես կոչ է արվել Մոսկվայի հասարակական վայրերում զանգվածային ակտիվ հակաօրինական գործողություններ իրականացնել, նպատակ ունենալով բռնությամբ խոչընդոտել երկրի օրինական ընտրված նախագահի պաշտոնակալման արարողությունը եւ թույլ չտալ նրա մուտքը Կրեմլ մայիսի 7-ին, դրամական պարգեւ խոստանալով նրա մուտքը ձգձգելու եւ ազատ տեղաշարժի իրավունքը խոչընդոտելու համար»,-ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: