Երեւանի արտաքին տեսքի բարելավման ծրագրերին հանրության մասնակցությունն առավել ակտիվ դարձնելու նպատակով՝ Երեւանի քաղաքապետարանը եւ «Ամերիաբանկը» նախաձեռնել են «Ցանկությունների պատ» ծրագիրը, որի շրջանակում բնակչությանը հնարավորություն է ընձեռվում մայրաքաղաքի արտաքին ձեւավորման առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնել։
Ծրագիրը կմեկնարկի հունիսի 1-ին, ժամը 15։00-ին Հյուսիսային պողոտայի (Square 1-ի եւ Armani խանութ սրահի միջակայքում) եւ Աբովյան փողոցի հատման հատվածում:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մայրաքաղաքի փոքրիկ բնակիչներին հնարավորություն է տրվում օգտվել ավելին անելու հնարավորությունից եւ «ցանկությունների պատին» նկարների միջոցով առաջինն արտահայտել մայրաքաղաքն առավել բարետես դարձնելուն ուղղված իրենց ցանկությունները։
Հունիսի 4-ից «ցանկությունների պատեր» կտեղակայվեն նաեւ Կասկադում /Ալեքսանդր Թամանյանի արձանի հարեւանությամբ/, «Մոսկվա» կինոթատրոնի հարակից «Ազնավուրի» հրապարակում, Կոմիտասի պողոտա–Կասյան փողոց խաչմերուկում եւ Գարեգին Նժդեհի հրապարակում։
Հյուսիսային պողոտայում հունիսի 1–ին, ժամը 15։00 –ին տրվող ծրագրի մեկնարկին մասնակից փոքրիկ երեւանցիների համար Ամերիաբանկը նաեւ հաճելի անակընկալ է պատրաստել:




























