Լոռիի մարզի Սարահարթ գյուղի տղամարդկանց կեսից ավելին ամեն տարի մեկնում է ՌԴ արտագնա աշխատանքի: 1485 բնակիչ ունեցող գյուղից այս պահի դրությամբ դրսում են գտնվում մոտ 370 տղամարդ: Սարահարթի գյուղապետ Վասիլ Փիլոյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գնալով գյուղում ավելի քիչ են զբաղվում հողագործությամբ, զբաղվողներն էլ հիմնականում ցանում են գարի, ցորեն, բանջարաբոստանային կուլտուրաներ:

«Անասնապահությունը գյուղում եւս վատ վիճակում է, տղամարդանց մեծ մասը որ գյուղից գնում է, ծերերն ու երեխաներն են մնում, իրենք էլ դժվարանում են մշակել»,- ասաց նա: 

Գյուղապետի փոխանցմամբ, սարահարթցիները քարից հաց քամող ժողովուրդ են, սակայն գյուղում այսօր լուրջ է դրված աշխատատեղերի բացակայությունը, ինչն էլ «հոր ու որդու» ստիպում է ամեն տարի բռնել խոպանի ճանապարհը:

Թեեւ Սարահարթ համայնքից մշտական մեկնողներ շատ քիչ են, սակայն Վասիլ Փիլոյանը կարծում է, որ եթե դրսում գյուղի բնակիչների գործերը լավ լինեն, նրանք հաստատ չեն վերադառնա գյուղ:

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի