Հունիսի 7-ին՝ հինգշաբթի, տեղի կունենա բողոքի երթ՝ վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Երթը կսկսվի ժամը 11:00-ին Օպերայի մոտից (Արամ Խաչատրյանի արձան):
Մասնակիցները նամակներ կհանձնեն ՀՀ Նախագահին, արտաքին գործերի նախարարին:
«Հայազն Միության» հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է.
1994թ. մայիսին հաստատված կեղծ հրադադարի պայմաններում, յուրաքանչյուր տարի հայ երիտասարդ զինվորները տասնյակներով զոհ են գնում ադրբեջանական գրոհայինների հարձակումներին: Համարվում է, որ հայկական զորամասերը համարժեք պատասխան են տալիս թշնամուն: Սակայն, վերջին տարիներին ադրբեջանական հարձակումների եւ դրանց արդյունքում զոհվող հայորդիների թիվը միայն աճում է:
Տեղի ունեցողը հատուցումն է այն անպատասխանատու քայլի, որ Հայաստանի քաղաքական ու զինվորական ղեկավարությունը կատարեց 1994-ին՝ կիսատ թողնելով եւ հաղթական ավարտին չհասցնելով ազատագրական պատերազմը:
Ագրեսորին խաղաղություն պարտադրելու փոխարեն պաշտոնական Երեւանը թույլ տվեց, որ իրեն ներքաշեն անիմաստ բանակցային գործընթացի մեջ, որի միակ նշանակությունը Հայաստանին անհնար տարածքային զիջումներ պարտադրելն է:
Բաքուն, իր հերթին, շահած ժամանակը արդյունավետորեն օգտագործում է իր սցենարով պատերազմի ավարտը նախապատրաստելու համար:
Այսօր հաճախ ենք լսում Բաքվին հասցեագրված դատապարտման խոսքեր: Սակայն թշնամուն ամոթանք տալը ամենաանիմաստ զբաղմունքն է, որը նաեւ ցուցադրում է սեփական անճարությունը: Մենք իհարկե հասկանում ենք, որ շարունակվող պատերազմը ընդհանրապես առանց զոհերի չի կարող լինել: Սակայն դատապարտում ենք այն թողտվությունը, որը ադրբեջանցիներին օրեցօր ավելի լկտի է դարձնում:
Պահանջում ենք պետական, բանակային եւ դիվանագիտական ղեկավարությունից.
1. Անհապաղ վերանայել «պատասխան գործողությունների» մեր չափանիշը:
Թվաբանական համարժեք հատուցումը համարժեք չէ ըստ էության: Իրական համարժեք պատասխանը պետք է էապես ավելի մեծ լինի եւ ներառի ժողովրդագրական համամասնության, ինչպես նաեւ պատժիչ եւ կանխարգելիչ նշանակություն հաղորդող գործակիցները: Արդյունքում զոհերի մեկին տաս հարաբերությունը այն նվազագույնն է, որ կարող է ըստ էության համարժեք համարվել: Համարժեք պատասխանը, առանց վաղեմության սահմանափակման, պետք է վերաբերի նաեւ անցյալում պատճառված բոլոր կորուստներին:
2. Մինչեւ վերջին տարիների բոլոր կորուստներին համարժեք պատասխան տալու գործողությունների ավարտը դադարեցնել ամեն տեսակի ուղղակի, անուղղակի եւ միջնորդավորված դիվանագիտական շփումները թշնամի պետության եւ նրա հովանավորների հետ:
3. Երբեւէ այլեւս չքննարկել տարածքային զիջումներ պարունակող որեւէ միջնորդական առաջարկություն: Ապամիջազգայնացնել Արցախյան հիմնախնդիրը եւ ձեռնամուխ լինել բացառապես սեփական ուժերով դրա վերջնական լուծմանը, որը ենթադրում է
• Արցախի չբնակեցված եւ թերբնակեցված բոլոր շրջանների լիարժեք բնակեցումը եւ տնտեսական յուրացումը:
• Վերացնել Արցախի կարգավիճակին վերաբերող իրավական հակասությունները, այն ամբողջությամբ ներառելով ՀՀ վարչական տարածքի մեջ եւ վերականգնելով ՀՀ արցախաբնակ քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
• Ամրացնել պաշտպանական գիծը եւ պատրաստվել դիմագրավել Բաքվի նոր հարձակումներին, միաժամանակ հայտարարելով այն գինը, որն Ադրբեջանը ստիպված կլինի վճարել լայնածավալ մարտական գործողությունները վերսկսելու եւ պարտվելու դեպքում, դրա մեջ հստակորեն ներառելով առնվազն Գարդմանքի եւ Նախիջեւանի ազատագրումը:



























