Գերմանացի բժիշկներն հայտնել են, թե ինչպես կարելի է բուժել Տիմոշենկոյին. նրան հարկավոր է հիվանդանոցից տեղափոխել տնային կալանքի: Նման հայտարարությամբ Գերմանիայում տեղի ունեցած մամլո ասուլիսում հանդես է եկել Տիմոշենկոյի բուժող բժիշկներից մեկը` բեռլինյան «Շարիթե» հիվանդանոցի ղեկավար Կարլ Մաքս Այնհոյփլը:

Նա բացատրել է, որ Խարկովի հիվանդանոցի իրավիճակը Տիմոշենկոյի հոգեբանության վրա բացասաբար է անդրադառնում: Գլխավոր խնդիրը նախկին վարչապետի անվստահությունն է տեղացի  բժիշկների նկատմամբ, բացի այդ, նրա հիվանդասենյակում պատուհանները սոսնձված են, եւ նա արեւի երես չի տեսնում:

Հիվանդանոցում նաեւ միջողնաշարային ճողվածքը բուժելու համար ջրային թերապիայի հնարավորությունը չկա:

Հաջորդ խոչընդոտող գործոնն այն է, որ Տիմոշենկոն երբեք բժիշկների հետ առանձին չի լինւմ, նա մշտական վերահսկողության տակ է:

Բժիշկների տարակուսանքն է հարուցում նաեւ հիվանդասենյակում Տիմոշենկոյի հարեւանուհին: «Նա ավելորդ ականջ կարող է լինել», - ասում են նրանք: ըստ նրանց` նման արդիականացված հիվանդանոցում հիվանդին կարելի էր ապահովել առանձին հիվանդասենյակով, գրում է NEWSru.com-ը:

Քանի որ Բեռլինի հիվանդանոց տեղափոխելը չի ստացվում, բժիշկներն ուկրաինական իշխանություններին խորհուրդ են տալիս նախկին վարչապետին տեղափոխել Կիեւ: «Լավագույնը կլիներ տնային կալանքը», - հստակեցրել են նրանք:

«Տիմոշենկոյի համար բոլոր դեղորայքները մենք բերում ենք մեզ հետ: Դեռեւս նրան ոչ մի հաշիվ չի ներկայացվել:Ամեն ինչի համար կվճարի Տիմոշենկոյի ընտանիքը: Մենք չենք կարող մեզ թույլ տալ նրան անվճար բուժել», - ընդգծել են բժիշկները: