Վանաձոր քաղաքի ծայրամասային «Տարոն 4» թաղամասի խնդիրները գնալով շատանում են. անբարեկարգ ճանապարհներ, մի շարք չլուսավորված փողոցներ, տրանսպորտի խնդիր, տասնյակ տարիներ գոյություն ունեցող կոյուղաջրեր:
Նույն թաղամասի «Մինէներգո» կոչվող հատվածը, որն ի պատիվ այն կառուցողների, կոչվում է «Տաջիկներ», զրկված է լուսավորությունից, թաղամասից մինչ կանգառ շուրջ 700 մետր է, 4 հարկանի շենքերից մի քանիսի նկուղները լցված են ջրով, քայքայելով շենքերի հիմքերը:
Թաղամասի մի հատվածը քաղաքապետարանի թույլտվությամբ տարիներ առաջ տրամադրվել է որպես շինարարական աղբավայրի թափման վայր, սակայն բացի նշվածից, տարածք են այցելում նաեւ կենցաղային ու այլ տիպի աղբով բեռնված մեքենաներ, վարորդները աղբը թափում այնտեղ, որտեղ ուզում են:
Բնակիչների դժգոհությանը չափ ու սահման չկա, նրանց փոխանցմամբ խնդիրները լուծվելու փոխարեն ավելի են ավելանում, իսկ քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում:
Նշենք, որ այս ամենի հետ զուգահեռ թաղամասում միայն որակյալ է իրականացվում կենցաղային աղբահանությունը, աղբարկղերը ժամանակին դատարկվում են:
Տարոն 4 համատիրության ղեկավար Վահագն Ավագյանը կիրակի օրը հանդիպում էր պլանավորել քաղաքապետի եւ բնակչության հետ, մեկ շաբաթ առաջ նախապես հանդիպման մասին ծանուցելով, սակայն հանդիպման օրը ոչ քաղաքապետը կար, ոչ էլ քաղաքապետարանի որեւէ ներկայացուցիչ: Ներկա էին միայն բնակիչներն ու լրագրողները, որոնց հետ միասին համատիրության ղեկավարը շրջեց թաղամասում, ներկայացնելով ստեղծված իրավիճակը: Գերեզմանատներից բերված ծաղկեպսակներ, կենցաղային ու շինարարական աղբ, բնակիչներից մեկի պատմելով վերջերս թաղամաս են բերվել նաեւ սպանդի ենթարկված թափառող կենդանիների լեշերը:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Տարոն 4 համատիրության ղեկավար Վահագն Ավագյանը բնութագրելով քաղաքապետարանի եւ անձամբ քաղաքապետի հանդիպման չգալը, նշեց, որ բնակչությունն այս անգամ եւս արժանացավ արհամարական վերաբերմունքի: «Մեր թաղամասը գտնվում է կեղտոտ վիճակում, կենցաղային ու շինարարական աղբը ողողել են փողոցները, շին աղբի փոխարեն ինչ ասես բերում են»,-ասաց նա, հավելելով, որ թաղամասում ստեղծվել է ոչ սանիտարահիգիենիկ վիճակ, եւ այսպես շարունակելն անթույլատրելի է:
Թաղամասի բնակիչները հիասթափված են, քանի որ իրենց խնդիրներին լուծում տվողները քիչ են, փոխարենը թաղամաս պաշտոնյաները այցելում են կամ ընտրությունների ժամանակ, կամ էլ, երբ կուտակված աղբ կա, ու այն պետք է բնականաբար տեղափոխվի Տարոն 4 թաղամաս:
NEWS.am-ի տեղեկություններով Վանաձորի քաղաքապետի և Տարոն 4 թաղամասի բնակիչների չկայացած հանդիպումը տեղի է ունենալու վաղը` հունիսի 7-ին:




























