Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն, այսօր` հունիսի 6-ին, ընդունել է ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի պատվիրակությանը՝  տնօրեն, ոստիկանության գեներալ-գնդապետ Նիկոլայ Օվչիննիկովի գլխավորությամբ:

Նիկոլայ Օվչիննիկովը ոստիկանության պետին, որպես ԱՊՀ անդամ-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նախագահողի` զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում Բյուրոյի կողմից կատարված աշխատանքների մասին:

Ներկայացվել են նաեւ 2012թ. աշնանը կայանալիք ԱՊՀ անդամ-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության եւ Բյուրոյի միջեւ համագործակցության ու զարգացման հետագա ուղիները:

ՀՀ ոստիկանության պետի հրամանով գեներալ-գնդապետ Նիկոլայ Օվչիննիկովը պարգեւատրվել է «Օրենքի պատվար» մեդալով, իսկ պատվիրակության անդամ Սերգեյ Գաֆարովը՝  «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար»  կրծքանշանով: