Արդեն 2 ամիս է, ինչ Վանաձորում գործում է մարդու իրավունքների պաշտպանի մարզային գրասենյակը, որի պաշտոնական բացումը կայացել է այսօր` հունիսի 6-ին:

Հանդիսավոր բացման արարողությանը ներկա են եղել Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը, ոստիկանության մարզային վարչության պետը, դատախազը, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ըստ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի, գործող մարզային 6 գրասենյակներից ամենաակտիվը սա է:

Այս ընթացքում պաշտպանի Վանաձորի գրասենյակում ստացվել է թվով 34 դիմում, որից 14-ի դեպքում տրվել է բանավոր լուծում, 20-ով կազմվել են վարույթներ: Դիմումները հիմնականում վերաբերել են Վանաձորում խաղահրապարակների բացակայությանը, ոստիկանության գործելաոճին եւ անշարժ գույքի առք ու վաճառքի հետ կապված խնդիրներին:

Ընտրությունների հետ կապված մարզային գրասենյակն ստացվել է 28 դիմում: Լրագրողների այն հարցին, թե Լոռիի մարզպետի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ներկայությունը  աջակցություն ենթադրու՞մ է կառույցին, թե` ոչ, մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց. «Փաստն այն է, որ նրանք այստեղ են, դա շատ ուրախալի է, իսկ ինչ բնույթ է կրում դա եւ արդյոք աջակցություն կլինի նրանց կողմից կառույցին, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում սա աննախադեպ է»,-ասաց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Վանաձորի եւ մարզային մյուս 5 գրասենյակները բացվել են  Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: