Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ճապոնիայի կառավարության հրավերով, 2012թ. հունիսի 5-7-ը պաշտոնական այց է կատարել Ճապոնիա, որի արդյունքում բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն է ընդունվել:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդան (այսուհետեւ «կողմերը»),

Հայտնելով գոհունակություն, որ 1992թ. սեպտեմբերի 7-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ձեւավորվել են երկարատեւ եւ լայնածավալ բարեկամական հարաբերություններ,

Հաստատելով, որ երկու երկրները երկկողմ հարաբերությունները կառուցել են` հիմնվելով փոխադարձ հարգանքի, վստահության եւ հավասար գործընկերության, ինչպես նաեւ միմյանց անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն աջակցելու վրա` Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ 2001թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված Բարեկամության համատեղ հայտարարությանը համապատասխան,

Վստահ լինելով, որ Նախագահ Սարգսյանի` դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին իրականացրած այցն էլ ավելի կխորացնի երկու երկրների բարեկամությունը եւ գործընկերությունը,

Համատեղ շեշտելով Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկում գտնվող Կովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարեւորությունը,

Հանդես եկան հետեւյալ Համատեղ հայտարարությամբ.

I. Երկու երկրների ընդհանուր հարաբերություններ

1. Կողմերը վերահաստատեցին երկու երկրների միջեւ առկա բարեկամական կապերը եւ փոխադարձ վստահությունը եւ համատեղ կարծիք հայտնեցին, որ երկու երկրները` օգտվելով ընթացիկ տարում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի ընձեռած հնարավորությունից, կշարունակեն զարգացնել բարեկամությունն ու գործընկերությունն այնպիսի ոլորտներում, որպիսիք են քաղաքականությունը, տնտեսությունը եւ մշակույթը,

2. Կողմերն իրենց բավարարվածությունը հայտնեցին տարբեր, այդ թվում` բարձր մակարդակի այցերի եւ քաղաքական երկխոսության առաջընթացով եւ արտահայտեցին իրենց մտադրությունը` էլ ավելի խթանել քաղաքական երկխոսությունը որպես երկկողմ հարաբերությունների զարգացման արժեքավոր եւ արդյունավետ միջոց.

3. Կողմերը ողջունեցին Ճապոնիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ Համագործակցության հուշագրի ստորագրումը: Հուշագիրը նախատեսում է քաղաքական խորհրդակցություններ այնպիսի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, որպիսիք են տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները, երկկողմ հարաբերությունները եւ համագործակցության խթանումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:

4. Կողմերը, ընդունելով, որ խորհրդարանների միջեւ փոխանակումների խթանումը մեծապես կնպաստի երկու երկրների հետագա հարաբերությունների զարգացմանը, հույս հայտնեցին, որ խորհրդարանական փոխանակումները, մասնավորապես Հայաստան-Ճապոնիա եւ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբերի մակարդակով, հետագա զարգացում կստանան:

5. Կողմերը վերահաստատեցին, որ երկու երկրները գործընկերներ են, որոնք կիսում են ազատության, ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների, օրենքի գերակայության եւ շուկայական տնտեսության արժեքները: Ճապոնական կողմը գնահատում է, որ անկախությունից ի վեր Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրել վերոհիշյալ արժեքների հաստատման ուղղությամբ: Հայկական կողմը մեծապես արժեւորում է Ճապոնիայի աջակցությունը Հայաստանի` շուկայական տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերին` կենտրոնացված ենթակառուցվածքների, մարդկային ռեսուրսների որակավորման բարձրացման, գյուղական եւ սոցիալական ոլորտների զարգացման վրա:

6. Կողմերն ընդգծեցին ռեզիդենտ դեսպանությունների կարեւոր դերը երկու երկրների միջեւ բարեկամության եւ գործընկերության խորացման գործում: Այս կապակցությամբ ճապոնական կողմը ողջունեց Տոկիոյում Հայաստանի դեսպանության բացումը: Հայկական կողմն ակնկալիք հայտնեց, որ ճապոնական կողմը մոտ ապագայում դեսպանություն կբացի Երեւանում:

7. Ճապոնական կողմի տրամադրած անձնակազմը ընդգրկվել էր Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության կազմում` ընթացիկ տարվա մայիսի 6-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Ճապոնական կողմը իր բավարարվածությունը հայտնեց այն կապակցությամբ, որ վերջին խորհրդարանական ընտրարշավն անցել է մրցակցային, եռանդուն եւ խաղաղ պայմաններում, ինչպես դա արձանագրված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից:

II. Համագործակցություն աղետների կանխարգելման ոլորտում

1. Ճապոնական կողմը իր երախտագիտությունն է հայտնում ցավակցության եւ աջակցության համար, որ Հայաստանի կառավարությունը եւ ժողովուրդը, նաեւ Նախագահ Սարգսյանն արտահայտել են Արեւելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժի կապակցությամբ: Մասնավորապես, ճապոնական կողմը շնորհակալ է Ճապոնիայի երկրաշարժի եւ ցունամիի զոհերի հիշատակին նվիրված Հոգեհանգստի արարողության համար, որը` Նախագահ Սարգսյանի բարձր հովանու ներքո, տեղի ունեցավ Երեւանում, անցյալ տարվա մայիսին, այն ժամանակ Ճապոնիայի ԱԳՆ Խորհրդարանական փոխնախարար պրն. Հիսաշի Տոկունագայի այցի ընթացքում: Ճապոնական կողմը հայտնում է իր վճռականությունը հասնելու արագ եւ արդյունավետ վերականգման:

2. Կողմերը երախտագիտությամբ անդրադարձան 1988թ. Հայաստանում եւ 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի կապակցությամբ միմյանց ցուցաբերած աջակցությանը, մասնավորապես` շինարարական սարքավորումների տրամադրմանը եւ Ճապոնիայի` Աղետների վերականգնողական խմբի գործուղմանը, իսկ Հայաստանի կողմից` առաջին օգնության տրամադրմանը եւ նվիրատվություններին: Կողմերը համակարծիք էին աղետների կանխարգելման ոլորտում համագործակցության հետագա ակտիվացման անհրաժեշտության վերաբերյալ: Կողմերը ողջունեցին Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից 2010թ. հունվարին Երեւանում կազմակերպված աղետների կանխարգելման սեմինարը եւ վերջերս հրապարակված Հայաստանին վերաբերվող միջանկյալ զեկույցը «Սեյսմիկ ռիսկի գնահատման եւ ռիսկերի կառավարման ծրագրումե նախագծի շրջանակներում երկրաշարժի կանխարգելման վերաբերյալ:

3. Ճապոնական կողմը հայտնեց իր մտադրությունը` ցուցաբերել հետագա աջակցություն Հայաստանում աղետների կանխարգելմանն ուղղված աշխատանքներին, ինչը ներառում է Հայաստան փորձագետների գործուղումը` որպես Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության կողմից աղետների կանխարգելման ոլորտում մարդկային ռեսուրսի զարգացմանը ուղղված տեխնիկական աջակցության մի մաս: Ճապոնական կողմը ողջունեց Հայաստանի մտադրությունը` մասնակցելու «Տոհոկուում Աղետների նվազեցմանը նվիրված համաշխարհային նախարարական կոնֆերանսինե:

4. Ճապոնական կողմը հայտնում է իր նպատակադրվածությունը` կիսելու միջազգային հանրության հետ Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած վթարի արդյունքում քաղված գիտելիքները եւ դասերը: Հայկական կողմը արտահայտեց իր մտադրությունը առավել բարելավելու Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգությունը՝ հիմնվելով ճապոնական փորձի վրա: Այս կապակցությամբ ճապոնական կողմը հայտնեց իր ակնկալիքը 2012թ. դեկտեմբերին ատոմային անվտանգությանը նվիրված Ֆուկուսիմա նախարարական կոնֆերանսում Հայաստանի համապատասխան նախարարի մասնակցության վերաբերյալ: Հայկական կողմը հայտնեց իր պատրաստակամությունը մասնակցելու հիշյալ կոնֆերանսին:

III. Տնտեսական համագործակցություն

1. Հայկական կողմն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի` «Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնությանե համար` տրամադրված 41 միլիարդ յենի չափով վարկերի, դրամաշնորհների եւ տեխնիկական աջակցության տեսքով, եւ ընդգծել է, որ Ճապոնիայի օժանդակությունը նպաստել է Հայաստանի` շուկայական տնտեսության զարգացմանը եւ աղքատության նվազեցմանը ուղղված ջանքերին:

2. Ճապոնական կողմը, ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական արդյունաբերության եւ փոքր ու միջին ձեռնարկությունների խթանումը կնպաստի երկրի կայուն տնտեսական զարգացմանը, հայտնեց իր մտադրությունը դյուրացնելու տեղական եւ արդյունաբերական ապրանքների առաջընթացը «Ապրանքանիշերի եւ տեղական ապրանքերի զարգացման նախագծիե միջոցով:

IV. Տնտեսական հարաբերություններ

1. Կողմերը նշեցին, որ երկու երկրների առեւտրատնտեսական կապերը դեռեւս ի վիճակի չեն լիովին արտացոլելու գույություն ունեցող ներուժը եւ շեշտեցին երկկողմ առեւտրի եւ տնտեսական հարաբերությունների դյուրացմանը նպաստող միջավայրի ապահովման կարեւորությունը: Այս կապակցությամբ կողմերը արժեւորեցին գործարար սեմինարները, կազմակերպված ճապոնական ընկերությունների համար` Ճապոնիայի Արտաքին Առեւտրի Կազմակերպության (JETRO) եւ Մոսկվայի Ճապոնական ակումբի կողմից, ինչպես նաեւ` Տոկիոյում Հայաստանի դեսպանության կողմից: Կողմերը հաստատեցին իրենց մտադրությունը շարունակաբար ներգրավվելու երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման գործին:

2. Կողմերն ընդգծեցին փոխադարձ շահավետ տնտեսական համագործակցությանն անցնելու համար անհրաժեշտ բարենպաստ միջավայրի ստեղծման կարեւորությունը, հատկապես այնպիսի ոլորտներում, որպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, սեյսմիկ պաշտպանությունը, փոխադրումները, բանկային գործը, արդյունաբերությունը, առեւտուրը եւ զբոսաշրջությունը:

3. Կողմերը հաստատեցին տեղեկատվության եւ կարծիքների փոխանակման կարեւորությունը վարվող ֆինանսական եւ տնտեսական քաղաքականության վերաբերյալ` ներառյալ փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցները:

4. Կողմերն արտահայտեցին իրենց մտադրությունը` նպաստելու փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը եւ գոհունակությամբ արձանագրեցին, որ բանակցություններ են ընթանում մոտ ապագայում համապատասխան փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ:

V. Գիտություն եւ տեխնոլոգիաներ, մշակութային փոխանակումներ

1. Կողմերն արտահայտեցին իրենց մտադրությունը նպաստելու փոխադարձ փոխանակումներին այնպիսի բնագավառներում, որպիսիք են գիտությունը, տեխնոլոգիաները, մշակույթը եւ զբոսաշրջությունը:

2. Կողմերը փոխադարձաբար հավաստեցին իրենց համոզմունքը, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանին նվիրված բազմազան մշակութային միջոցառումները կխթանեն երկու երկրների ժողովուրդների միջեւ փոխըմբռնումը:

VI. Համագործակցություն միջազգային կազմակերպություններում

1. Կողմերն ընդգծեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ փոխադարձ աջակցության կարեւորությունը:

2. Կողմերն ընդգծեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման արդյունավետ եւ արագ իրականացմանն ուղղված ջանքերի կարեւորությունը: Այս համատեքստում հայկական կողմը վերահաստատեց իր աջակցությունը Ճապոնիային` Անվտանգության Խորհրդի մշտական անդամ դառնալու խնդրում:

3. Կողմերը իրենց աջակցությունն են հայտնում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2012թ. ապրիլի 16-ի Նախագահական Հայտարարությանը, որով խստիվ դատապարտվում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը եւ պահանջվում է զերծ մնալ հետագա սադրանքներից: Կողմերը վճռականորեն հորդորում են Հյուսիսային Կորեային կատարել ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձեւերը եւ 2005թ. Վեցակողմ բանակցությունների համատեղ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: Ճապոնական կողմն ընդգծեց առեւանգումների խնդրի լուծման կարեւորությունը եւ հայկական կողմն ի գիտություն ընդունեց Ճապոնիայի տեսակետը:

4. Կողմերը բարձր գնահատեցին Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ վստահություն հայտնեցին, որ վերջնական կարգավորումը պետք է հենված լինի միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքների վրա: