Պուլիտցերովյան մրցանակի դափնեկիր աֆրոամերիկուհին` Նատաշա Տրետվեյ ռուսական անունով, ԱՄՆ-ի նոր բանաստեղծ-դափնեկիր է ճանաչվել: Բանաստեղծ-դափնեկիրը ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի պաշտոնական բանաստեղծն է:
Նրան ընտրում է Կոնգրեսի գրադարանի տնօրենը, նա ստանում է 35 հազ. դոլար: 46-ամյա Տրետվեյը դարձել է 19-րդ բանաստեղծ-դափնեկիրը` այդ պաշտոնում փոխարինելով Ֆիլիփ Լիվայնին: Այդ կոչման դափնեկիրը գրադարանին նոր բանաստեղծներ է առաջարկում` արխիվի համար ստեղծագործելու գործում ընդգրկելու նպատակով, գրում է «Ռոսբալտը»:
Տրետվեյը բանաստեղծական երեք ժողովածուների հեղինակ է: 2007թ. նրան Պուլիտցերովյան մրցանակ են շնորհել «Native Guard» բանաստեղծությունների համար:
ԱՄՆ-ի բանաստեղծ-դափնեկրի կոչումը տարբեր ժամանակներում կրել են Նոբելյան գրական մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկին (1991), 1958 եւ 1979 պոեզիայի ոլորտում Պուլիտցերովյան մրցանակակիր Ռոբերտ Փեն Ուորենը եւ ուրիշներ:




























