«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը համատեղ կառավարման եւ որեւէ պաշտոն չվերցնելու վերաբերյալ չի փոխվել եւ չի փոխվելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե միայն ԲՀԿ նախարարներն ու մարզպետներն են պորտֆելները դնելու, փոխնախարարները, վարչության, ԾԻԳ-երի պետերը եւ «այլ պաշտոնական անձինք» պահպանելու են պորտֆելները` նա նշեց, որ «եթե ինչ-որ մի անհատ իր սեփական նախաձեռնությամբ որոշի մի փոփոխություն անել իր համոզմունքների մեջ ինչ-որ անհատական համաձայնությամբ, ապա դա իր գործն է, բայց կուսակցության դիրքորոշումը չի փոխվել եւ չի փոխվելու»:
«Համատեղ կառավարում կարող է լիներ, եթե լիներ որեւէ պայմանավորվածություն եւ համապատասխան իրավական ակտ, ինչպես օրինակ` կոալիցիոն դիրքորոշում: Մեր դիրքորոշումը պաշտոնապես ձեզ հայտնի է, այն չի փոխվել եւ չի փոխվելու: Չի կարող լինել որեւէ համաձայնություն, որեւէ համաձայնագիր, որեւէ համատեղ կառավարում, եթե որեւէ բան չի փոխվելու, եթե մենք կաշկանդված պետք է լինենք մեր քաղաքական գործունեության ընթացքում»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:
Նշենք, որ այս կառավարությունում ԲՀԿ-ն ունի չորս նախարարի եւ երկու մարզպետի պորտֆել, ովքեր արդեն վայր են դրել իրենց լիազորությունները: Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իրենք որեւէ պաշտոն չեն վերցնելու:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ «երկաթյա» պայմանավորվածություն կա, որ միայն ԲՀԿ նախարարներն ու մարզպետներն են պորտֆելները դնելու, փոխնախարարները, վարչության, ԾԻԳ-երի պետերը եւ «այլ պաշտոնական անձինք» պահպանելու են պորտֆելները` մինչեւ Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը կատարեն Սերժ Սարգսյանին տված խոստումը` 2013-ի նախագահական ընտրություններում պաշտպանել նրա թեկնածությունը: «Դրանով պետք է բացատրել Գագիկ Ծառուկյանի ներկայությունը Սերժ Սարգսյանին Տոկիո ճանապարհողների թվումեւվարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը: Սա մեզանում նորություն չէ. կոալիցիայից դուրս գալուց հետո նույն-կերպ եղավ նաեւ Դաշնակցության հետ. ՀՅԴ-ին մնացին առանցքային պորտֆելներ ոչ միայն կրթության, անտառտնտեսության, այլեւ մի շարք այլ ոլորտներում»,- գրել էր «Հրապարակը»:




























