Հունիսի 9-ին, ժամը 22:20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում: Ինչպես Սպիտակից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, նախնական վարկածով հրդեհը առաջացել է էլեկտրական լարերի պատճառով:
Դեպքի վայր է մեկնել Սպիտակի հրշեջ փրկարական ջոկատից 3 մարտական հաշվարկ` ջոկատի հրամանատար Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Հրդեհի արդյունքում լուրջ վնասներ է կրել կենտրոնի շենքը, գրասենյակները, գրեթե ամբողջությամբ այրվել է սոցիալականի արխիվը, որտեղ եղել են Սպիտակ քաղաքի եւ հարակից 20 գյուղերի նպաստառուների եւ կենսաթոշակ ստացողների փաստաթղթերը:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Սպիտակի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի տարածքային գործակալության գլխավոր մասնագետ Աշոտ Նալբանդյանը, չկարողանալով մեկնաբանել կատարվածը, նշեց, որ քանի որ այսօր ոչ աշխատանքային օր է, գրասենյակում ոչ ոք չի եղել. «Մեզ զանգել են ու ասել, որ հիմնարկում հրդեհ կա, մինչեւ մենք եկանք, արդեն հրշեջ ծառայության բրիգադներն այստեղ էին»,-ասաց նա:
Խոսելով պատճառված վնասներից Աշոտ Նալբանդյանն ասաց, որ վառվել է գրասենյակի գույքը, մի շարք կարեւոր փաստաթղթեր. «Կարեւոր փաստաթղթեր կային «Փարոսի» հետ կապված, ամենաշատ այրված սենյակում էին դրանք, դա մի օրվա ու մի տարվա աշխատանք չի, նպաստի հետ կապված փաստաթղթերը լրիվ այրվել են»:
Գլխավոր մասնագետը չկարողացավ նշել, թե որն է հրդեհի առաջացման իրական ու նախնական պատճառը.«Ինձ թվում ա հիմնականում հոսանքը, չէր կարող դիտավորյալ հրդեհվել, դիտավորության վարկածը բացառվում է»:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























