Երեւանի Նալբանդյան 106/1 հասցեում մեծ աղմուկ բարձրացրած շինարարությունը շարունակվում է, որի առնչությամբ այդ հասցենի բնակիչները բաց նամակով դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Ստորեւ ներկայացնում են բաց նամակը.

«Ցավոք, Ձեզ ուղղված վերջին նամակի պատասխանը, որը ստացանք Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Լ.Հակոբյանից, չէր պարունակում մեզ հուզող հարցերի պատասխանները: Դրանք ստանալու ակնկալիքով մենք այսուհետ որոշել ենք ընտրել բաց նամակներ հրապարակելու ճանապարհը, քանի որ պատկան մարմիններին մեր բազմաթիվ դիմումներին ստացվել են միայն  ձեւական պատասխաններ: Բացի այդ, հանրությունը, որի «բացառիկ գերակա շահից» ելնելով է նախատեսվում մեր բակի էլիտար շենքի կամ շենքերի շինարարությունը, պետք է որ հնարավորություն ունենա եւս հաղորդակից լինելու մեր պահանջներին եւ իրավասու մարմինների արձագանքին:

Դժվար չէ հասկանալ, թե ինչու բացառիկ գերակա հանրային շահի թիրախ ընտրվեց մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղակայված մեր բակը եւ այստեղ գտնվող ոստիկանության թիվ 1 մանկապարտեզը, որը քանդվեց եւ օտարվեց` խախտելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը: Առավել եւս, եթե «Ավագ Շին»-ի կողմից կառուցվելիք բազմահարկ, բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից մոտ 1800 քմ տարածք է հատկացվելու ոստիկանությանը: Անհասկանալի է այլ բան` ինչու պետք է արդյունքում տուժեն այս «ոստիկանապատկան» տարածքը շրջապատող շենքերի բնակիչները:

Արդեն այսօր, թեեւ ամառվա տապին, մի քանի հազար մարդ  ստիպված է ապրել փակ պատուհաններով, ինչը,սակայն, չի փրկում նրանց շինարարության արդյունքում բարձրացող աղմուկից եւ փոշուց: Իսկ շինարարության ավարտին էլ նրանք զրկվելու են  լույսից, օդից, առանց ավելորդ աղմուկի ապրելու հնարավորությունից:

Պաշտոնական ատյանները պնդում են, որ այժմ բակային տարածքը չի համապատասխանում քաղաքաշինական եւ հակահրդեհային նորմերին: Մինչդեռ հասկանալի չէ, թե ավելացնելով բնակեցման խտությունը մի տարածքում, ուր շենքերի մուտքերը դուրս են գալիս դեպի բակ, ինչպես կարելի է ապահովել մարդկանց տարհանումը հրդեհի կամ այլ խոշոր աղետների դեպքում` խուսափելով հրմշտոցից եւ ավելորդ զոհերից:

1988 թ ավերիչ երկրաշարժից հետո մասնագետները կանխատեսում էին Երեւանում եւս նման աղետի կրկնման հնարավորությունը: Այն առավել հավանական է թվում վերջին շրջանում մեր տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության կտրուկ բարձրացման  պայմաններում: Մեր բակային տարածքում շինարարության հետ կապված մեր դիմումին ստացված ՍՊԱԾ պատասխանում նշվում է, որ Նալբանդյան 106/1-ի հարեւանությամբ գտնվող բոլոր շենքերը կառուցվել են 1988 թ երկրաշարժից առաջ, չեն համապատասխանում սեյսմիկ շինարարության այսօրվա նորմերին եւ ամրացման կարիք ունեն: Սակայն փոխարենը  5-հարկանի շենքերի հարեւանությամբ բարձրահարկ է կառուցվում, ինչն էլ ավելի է մեծացնում երկրաշարժի դեպքում մեր շենքերի փլուզման վտանգը:

Պարոն վարչապետ, վերջերս Բրյուսելում Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը նախընտրում է զարգացման եվրոպական ուղին: Կարծում ենք, դա նշանակում է ոչ միայն եվրոպական ներդրումներ մեր երկրի տնտեսության մեջ, այլեւ մարդու այնպիսի տարրական իրավունքների պաշտպանության ապահովում, ինչպիսիք են անվտանգ եւ առողջ ապրելու իրավունքը: Համոզված ենք, որ ցանկության դեպքում կառավարությունը կարող է վերանայել  հերթական «էլիտարը» կառուցելուն ուղղված իր որոշումը՝ հատկապես հաշվի առնելով կենտրոնի կետային կառուցապատման դադարեցման անհրաժեշտության մասին Ձեր հայտարարությունները»: