2009թ. ամենանշանակալի իրադարձությունը, անշուշտ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «ճանապարհային քարտեզի» նախաստորագրումն էր, ապա եւ՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, ինչը լուրջ փոփոխություններ մտցրեց ոչ միայն երկու երկրների քաղաքական կյանքում, այլեւ մենթալիտետի կարծրատիպերում, հետագայում բոլոր ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրադարձությունները 2009թ. զարգացան, եւ 2010թ. զարգանալու են այդ երկու առանցքային երեւույթների շուրջ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքով, 2010թ. հայկական քաղաքականության բաղադրիչը կարելի կլինի հաջողված համարել, եթե մինչեւ ապրիլ հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն, այդ թվում նաեւ հանրապետության միջազգային դերի ակտիվացման համար: «Եթե արձանագրությունները մինչեւ ապրիլ չվավերացվեն, հետեւանքներն անցանկալի կլինեն»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ 2010թ. հունվարից հետո վավերացման հետաձգման ամեն մի օրը ճակատագրական նշանակություն ունի փաստաթղթերի համար: Եւ հարցը միայն այն չէ, որ ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 95-ամյակը, այլ այն, որ 2010-ը Թուրքիայի համար նախընտրական տարի է, եւ ամեն օրը հեռացնում է վավերացումից: «Եթե Թուրքիան հրաժարվի վավերացնել արձանագրությունները, նրա վրա ճնշում կգործադրվի՝ Երեւանի բանակցային գործընթացից դուրս գալու տեսքով, բայց դժվար թե Անկարայի վրա ճնշելու համար կընտրվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացումը»,- նկատեց Շաքարյանը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, քաղաքագետը չբացառեց հնարավորությունը, որ 2010թ. Թուրքիայի ճնշման տակ հարցը կարող է շաղկապվել հայ-թուրքական գործընթացի հետ: «Չի բացառվում, որ փոխզիջման գնալով Անկարայի հետ՝ միջազգային հանրությունը կողմերի վրա ազդեցություն գործի խորհրդանշական ինչ-որ փաստաթուղթ ստրագրելու համար, Մայնդորֆի հռչակագրի նմանությամբ՝ ցույց տալու, թե գործընթացը շարժվել է տեղից, բայց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում 2010թ.-ին արմատական փոփոխություններ ակնկալել չարժե»,- հայտարարեց Շաքարյանը: