Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգում որեւէ փոփոխություն չի նախատեսվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ԱԺ սեպտեմբերի նստաշրջանին խստացվելու է լրագրողների հավատարմագրման կարգը:

«5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծ մասն արդեն հասցրել է դժգոհել վերեւներում, թե լրագրողներն այնքան շատ են, որ ԱԺ-ում հանգիստ շնչել չի լինում: Պատգամավորները հատկապես դժգոհ են, որ խորհրդարանում կարող է հավատարմագրվել ցանկացած լրատվամիջոցի ցանկացած լրագրող` անկախ նրանից` այդ կայքը կամ թերթը քանի ընթերցող, ինչ մակարդակ ունի: Մեր աղբյուրները պնդում են, որ ղեկավարությունը կիսում է այս մտահոգությունը: Եվ արդեն սեպտեմբերին հավատարմագրելիս հաշվի են առնվելու բոլոր «անհրաժեշտ պայմանները»»,- գրել էր «Երկիրը»: