Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը վերանայել է 7 մլն դոլարի չափով վարկի մարման ժամկետը (ֆոտոռեպորտաժ): Վարկը «Նատֆուդ» ընկերությանը տրամադրվել էր 2008թ., եւ բանկը պարտավորվել էր լրացուցիչ շրջանառու միջոցներ հատկացնել ընկերությանը մինչեւ 1,4 միլիոն դոլարի չափով:

Խնդիրներն ու նախագծի իրացման ձգձգումները թույլ չեն տալիս «Նատֆուդ»-ին սկսել ՍԾԱԶԲ-ի հատկացրած վարկի ժամանակին մարումը: Վերակազմավորումը թույլ կտա ընկերությանը ավարտել մսի վերամշակման ժամանակակից հոսքագծերի տեղադրումը եւ սկսել բարձրորակ մսամթերքի արտադրությունը հայկական շուկայի եւ արտահանման համար: Փոփոխությունները վերաբերելու են նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին եւ ՎՏԲ-Հայաստանին:

«Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը ձգտում է աջակցել փոքր եւ միջին բիզնեսին, որը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի կայուն տնտեսական աճի, նոր աշխատատեղերի ստեղծման եւ մրցունակության ավելացման համար: Բանկը կարծում է, որ վարկի համաձայնեցված վերակազմավորումն ու լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա «Նատֆուդ»-ին հաջողությամբ եւ մոտ ապագայում ավարտել նախագիծը: ՎԶԵԲ-ի եւ ՎՏԲ-Հայաստանի հետ կառուցողական համագործակցությունը կարեւոր դեր է խաղացել փոխընդունելի լուծման համար»,- ասել է ՍԾԱԶԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը Երեւանում համաձայնագրի ստորագրման ժամանակ:

«ՍԾԱԶԲ-ը ՎԶԵԲ-ի եւ ՎՏԲ-Հայաստանի հետ օգնում են «Նատֆուդ»-ին անցնել դժվար ժամանակներով, եւ մենք վստահ ենք, որ այդ ներդրումները օգտակար կլինեն ինչպես բանկերի, այնպես էլ մեր բիզնեսի համար: Հայաստանի նախագահն ու Կենտրոնական բանկի նախագահը մեծ աջակցություն են ցուցաբերել ընկերությանը բարդ փուլը հաղթահարելու համար»,- ասել է գլխավոր տնօրեն եւ բաժնետեր Հենրիխ Զախարյանցը:

«Նատֆուդ» ՓԲԸ-ն մսի վերամշակման մասնավոր ընկերություն է, որ մասամբ պատկանում է ՎԶԵԲ-ին եւ Հենրիխ Զախարյանցին, ով զբաղվում է սննդի արդյունաբերությամբ եւ առեւտրով: «Նատֆուդի» նոր գործարանը սարքավորված է գերժամանակակից տեխնիկայով` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

Նշենք, որ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (Black Sea Trade and Development Bank) հիմնադրվել է 11 երկրների կողմից` Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Մոլդովա, ՌԴ, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա:

Բանկի կենտրոնակայանը գտնվում է Սալոնիկում: Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը եւ նրանց միջեւ տարածաշրջանային համագործակցությունը` գլխավորապես մասնավոր եւ պետական հատվածի ֆինանսավորման միջոցով: Բանկի կանոնադրական կապիտալը մոտ 3,5 մլրդ եվրո է: