Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման կրպակների տերերն ու աշխատողներն այսօր` հունիսի 25-ի առավոտվանից բողոքի ցույց են անցկացնում նախագահի նստավայրի եւ Ազգային ժողովի մոտ: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ցուցարարները կանգնած են Բաղրամյանի պողոտայի եւ Դեմիրճյանի փողոցների խաչմերուկում` Ավստրիայի նախագահի ժամանելու ճանապարհին: «Պարոն նախագահ, Դուք մեր վերջին հույսն եք», - գրված է պաստառներից մեկի վրա (խոսքն, ամենայն հավանականությամբ, Հայաստանի նախագահին է ուղղված):

Կրպակների օրինականացման համար քանիցս դիմել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությանը եւ քաղաքապետարանին, սակայն` ապարդյուն, պատմում է կրպակատերերից մեկը` Հարությունը: Կառույցները օրինականացնել ըստ սեփականաշնորհման վկայականների չեն կարող. ժամանակին դրանք չեն տրամադրվել:

«Մի անգամ մեզ քաղաքի հատակագիծն են ցույց տվել, որտեղ գետնանցման մեջ մեր կրպակները նշված էին: Բայց հիմա ասում են, թե առայժմ մեզ հետ միայն կարճաժամկետ վարձակալության պայմանագրեր կկնքեն», - ավելացրեց նա: