Ժամանակին ամերիկացի հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյը խոստովանել է, որ իր հանրահայտ «Մնաս բարով, զենք» վեպի վերջաբանը գրել է 39 անգամ:

Մինչդեռ նրա թոռ Շոն Հեմինգուեյը, Բոսթոնի Քենեդու անվան Նախագահական գրադարանում մանրամասն ուսումնասիրելով ձեռագրերը, պարզել է, որ իրականում այլընտրանքային վերջաբանները 47-ն են եղել: 

Նրանց մի մասը բաղկացած է ընդամենը մի քանի նախադասություններից, մյուսները` մի քանի պարբերություններից: Նրանք բոլորը կհավաքվեն վեպի նոր հրատարակության մեջ, որը լույս կտեսնի մյուս շաբաթ` Scribner հրատարակչության կողմից, որը մտնում է Simon & Schuster հրատարակչատան կազմում:

The New York Times թերթը, որին հղում է անում NEWSru.com-ը, հայտնում է, որ 330 էջանոց հրատարակության մեջ կմտնեն նաեւ սեւագրերը եւ Հեմինգուեյի կազմած վերնագրերի ցուցակը: 

Տարբերակների շարքում եղել են «Սերը պատերազմի ժամանակ», «Վնասվածքների եւ այլ բաների մասին», «Հիացմունք» խորագրերը:

«Մնաս բարով, զենք» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1929 թվականին, այն Առաջին համաշխարհայինի տարիներին պատահած սիրո մասին  է: Վեպը մեծամասամբ ինքնակենսագրական է: Հեմինգուեյը ծառայել է իտալական ճակատում, վիրավորվել է եւ ընկել Միլանի հիվանդանոց, որտեղ  սիրավեպ է ունեցել բուժքրոջ հետ: