«Որեւէ վատ բան չեմ տեսնում, որ „Հայկական ժամանակ“ թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որ ներկայումս գտնվում է անազատության մեջ, ընտրվի պատգամավոր: Ես Նիկոլին հաջողություններ եմ մաղթում պատգամավորական մանդատի համար պայքարում»,- դեկտեմբերի 24-ին տեղի ուենցած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ, հանրապետական Հովիկ Աբրահամյանը:

Խոսելով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին, երբ ընդդիմության եւ իշխանության բախման հետեւանքով զոհվեց 10 եւ վիրավորվեց 200 մարդ, Աբրահամյանը հայտարարեց, թե այդ էջն արդեն փակված է:

Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ նման իրադարձություններն այլեւս չեն կրկնվի: Ինչ վերաբերում է պատգամավորների՝ բանտում գտնվող Սասուն Միքայելյանի օգտին ստորագրություններ հավաքելու փաստին, Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Եթե Հանրապետական կուսակցության պատգամավորները ցանկանում էին նախագահի առջեւ Սասուն Միքայելյանի օգտին հանդես գալ, դրա համար պետք չէր տարբեր ստորագրահավաքների մասնակցել: Նախագահ Սերժ Սարգսյանը ամիսը մեկ-երկու անգամ հանդիպում է ՀՀԿ խմբակցության հետ, եւ հանրապետականները կարող էին անձամբ միջնորդել Սասուն Միքայելյանի համար: Իսկ ինչ վերաբերում է ստորագրահավաքին, եթե անգամ ողջ խմբակցությունը ստորագրեր Սասուն Միքայելյանի ազատության համար, նախագահը ամեն դեպքում չէր կարող դա անել, քանի որ օրենքը երկրի ղեկավարին նման լիազորություններ չի տալիս»,- նկատեց նախագահը:

Հիշեցնենք, որ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների մի խումբ պատգամավորներ ստորագրել էին Սասուն Միքայելյանին ազատ արձակելու խնդրագրի տակ, սակայն հետո հանրապետականները հետ կանչեցին իրենց ստորագրությունները՝ պատճառաբանելով, թե լավ չեն ծանոթացել այն տեքստին, որի տակ ստորագրել են: Սասուն Միքայելյանը ներկայումս տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, որտեղ նրան մի քանի օր առաջ վիրահատել են: