Դաշնակցական Ալվարդ Պետրոսյանը չգիտի, թե իր կուսակցական ղեկավարներ Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը արդյո՞ք հանդիպել են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, թե՞` ոչ: Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ իրենց տեղեկություններով էլ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանը Սահմանադրական դատարանում հանդիպել են Գագիկ Հարությունյանի հետ, ուստի ՀԱԿ-ը չի մասնակցի հունվարի 12-ին նախատեսված ՀՅԴ բողոքի գործողությանը, որովհետև Դաշնակցությունն իր ցանկացած քայլը համաձայնեցնում է իշխանությունների հետ:
«Ես շարքային կուսակցական եմ: Լինում են բաներ, որ տեղյակ չենք լինում: Բայց վստահ եմ, որ եթե հարցնեմ, կասեն»,- ասաց Ա. Պետրոսյանն ու հավելեց. «Եթե հանդիպել են, դա ի՞նչ կապ ունի: Ինչո՞ւ չէին կարող հանդիպել: Հայաստանում գործող ամենալուրջ քաղաքական կուսակցության ներկայացուցիչները ինչո՞ւ չէին կարող Հայաստանի համար շատ կարևոր հարցերի հետ կապված հանդիպել ՍԴ նախագահի հետ: Ում հետ ուզենան, կարող են հանդիպել»:




























