Անկախ, թե ով ում բարեկամն է, եթե ինչ-որ մեկը ապօրինի գործողություն է կատարել, պետք է պատասխանատվություն կրի՝ օրենքի ողջ խստությամբ, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով փաստը, թե իր եղբոր որդին խառնված է Հովիկ Ղազարյանի՝ «Գազի Հովոյի» սեփականությունն այրելու գործին:
«Ես անձամբ խառնված չեմ այդ գործին, ինչպես փորձում են ապացուցել լրատվամիջոցները, բայց, իհարկե, անուղղակի կերպով, կապված եմ միջադեպի հետ, քանի որ դրանում խառն է նաեւ իմ զարմիկը: Եթե հանցագործությունը կատարել է իմ զարմիկը, նա մյուսների հետ հավասար պետք է պատասխանատվություն կրի օրենքի ողջ խստությամբ»,- հայտարարել է Աբրահամյանը՝ հավելելով, որ իր՝ Արարատի մարզպետ եղած ժամանակ միշտ աջակցել է Հովիկ Ղազարյանին, անգամ օգնել է դառնալ մարզի գազի վարչության ղեկավար:
Ընդ որում, Աբրահամյանը վրդովվեց լրատվամիջոցների հրապարակումից, որ վերաբերում են այս եւ ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանին վերաբերող գործերին: Վերջինս, Աբրահամյաների հետապնդումների պատճառով փախել է Բելգիա: «Եթե ես գոնե գիտեի Հովիկ Ղազարյանին, այդ Վիրաբյանին ընդհանրապես չեմ ճանաչում, չեմ հանդիպել եւ նրա հետ երբեք չեմ խոսել, ինչո՞ւ են դա կապում ինձ հետ»,- նշել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Արարատի մարզում բախում է եղել «Գազի Հովոյի» եւ Աբրահամյանի հարազատների միջեւ՝ ֆինանսական պատճառներով: Բախման արդյունքում հնչել են կրակոցներ, հրդեհվել է «Գազի Հովոյի» ունեցվածքը:




























