Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 24-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ հանրապետական գործադիր մարմինների 2010թ. գերակա խնդիրները, դրանց հիմնավորումները։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրում ներառվել է 179 կետ, գերակա խնդիր է համարվել 80-ը։ Դրանցից են ժողովրդագրական ակտիվ քաղաքականության, կենսաթոշակային եւ բարձրագույն կրթության բարեփոխման, տարածքների համաչափ զարգացման ռազմավարությունների իրականացումը, ատոմային էներգետիկայի զարգացումը, տնտեսության դիվերսիֆիկացման եւ արտահանման ներուժի բացահայտման ռազմավարության ներդրումը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ելքի քաղաքականության ձեւակերպումը եւ այլն։
ՀՀ կառավարությունն ընդունել է «ՀՀ 2010թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների եւ ՀՀ 2010թ. պետբյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը եւ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել անհրաժեշտության դեպքում եւս մեկ անգամ քննարկել այն եւ լրամշակված տարբերակը ներկայացնել կառավարության աշխատակազմ։




























