Հարավկովկասյան եկաթուղիները ամանորյա տոների կապակցությամբ զեղչեր է հայտարարել։ Այս մասին դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Շեվքեթ Շայդուլինը՝ ավելացնելով, որ ընկերությունը ամանորյա տոներին ցանկանում է արտահանողներին եւ ներկրողներին շահագրգռել բեռնափոխադրումների ուղղությամբ, որպեսզի երկաթուղին տոնական օրերին եւս աշխատի։ «Զեղչերի կիրառումը հնարավորություն տվեց գրավիչ դարձնել դաշտը։ Որոշ ընկերություններ հաջորդ տարվա հունվարի 3-ից սկսելու են բեռնափոխադրումները, եւ դա երկկողմ շահավետ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ուղևորափոխադրումների համար նույնպես դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 10 –ը 22 տոկոս ամանորյա զեղչեր են հայտարարվել:

Շեւքեթ Շայդուլինի խոսքով, 2010 թվականին ընդհանուր առմամբ գնային փոփոխություններ չեն նախատեսվում, բայց փոխվելու են ԱՊՀ երկրներում 2010 թ-ին կիրառվելիք ընդհանուր գործակիցները։ Արտահանման դեպքում գործակիցը կավելանա 0.77 տոկոսով։

Ըստ Շայդուլինի՝ երկաթուղիով այս տարի արտահանումը նվազել է՝ հասնելով 7.4 տոկոսի՝ նախորդ տարվա 24 տոկոսի փոխարեն: Փոխարենը ավելացել է ներքին փոխադրումները։

ՀԿԵ գլխավոր տնօրենը նշեց, որ բեռների 60 տոկոսը չեն ընկնում սակագնագոյացման կարգավորման մեջ, որովհետեւ գոյություն ունի ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, դրանց կապակցությամբ սակացուցակը մնում են նույն մակարդակի վրա, իսկ մյուս բեռների մասով արտահանումների ժամանակ սակացուցակի բարձրացումը կազմելու է միջինը 8.8 տոկոս: «Տեղական բեռնափոխադրումների դեպքում ցեմենտի փոխադրման գինը կնվազի 11 տոկոսով, իսկ արդյունաբերական հումքի փոխադրումը կթանկանա 11 տոկոսով։ Գունավոր մետաղների հանքանյութի դեպքում` ըստ „ԳեոՊրոՄայնինգ“ ընկերության հետ ձեռք բերված համաձայնության, առաջիկա 3 տարում կթանկանա 20 %-ով»,- ասաց Շայդուլինը՝ նկատելով, որ իր ղեկավարած ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ իր վրա է վերցնում տնտեսության ծանրաբեռնվածությունը: «Մեր որոշումները հիմնավորված են և հաստատված տնօրենների խորհրդի կողմից»,- վստահեցրեց Շ. Շայդուլինը: