Ճգնաժամային տարին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության համար մեծ կորուստներով չի ավարտվում: Այս մասին դեկտեմբերի 24-ին կայացած ասուլիում հայտնեց ՀԿԵ ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը` ավելացնելով, որ տարվա ընթացքում կատարված տեխնոլոգիական բարեփոխումների արդյունքում կորուստները կարողացել են հասցնել պլանավորված մակարդակին:
«Այս տարին մեզ համար հակաճգնաժամային միջոցառումների եւ ռեսուրսների խնայողության տարի էր: Ֆինանսակական կորուստը կազմել է մոտ 255 մլն ռուբլի»,- տեղեկացրեց Շայդուլինը: Նրա խոսքով` այս տարի կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումները կատարվել են 94 տոկոսով: «2009-ին կատարվել է 1 մլրդ 254 մլն ռուբլու ներդրում, չնայած նախատեսվում էր, որ պետք է 1,172 մլրդի ներդրում կատարվեր»,- տեղեկացրեց Շայդուլինը` մանրամասնելով, որ ենթակառուցվածքների զարգացման համար ծախսվել է 1մլրդ 26 մլն ռուբլի, իսկ շարժակազմի վրա՝ 227 մլն ռուբլի:
Ըստ ՀԿԵ գլխավոր տնօրենի` 2 տարվա ընթացքում Հայաստանի երկաթուղիները կոնցեսիայով վերցրած ընկերությունը 2 մլրդ 393մլն ռուբլի է ներդրել: «Հաջորդ տարի նախատեսում ենք 1 մլրդ 141 մլն ռուբլի ներդնել»,- հայտնեց Շայդուլինը` ավելացնելով, որ 2008 թվականի ներդրումային ծրագրի թերակատարումը 2010-ին կփոխհատուցվի, քանի որ նշված գումարը ներդրումային ծրագրի 128 տոկոսը կկազմի, իսկ երեք տարվա ընդհանուր ներդրումների քանակով կհասնի 100 տոկոսի:



























