Զրպարտության եւ վիրավորանքի համար նախատեսվող պատիժն ապաքրեականացնող օրենքը լուրջ ճշգրտումների կարիք ունի: Այս մասին դեկտեմբերի 24-ին կայացած կառավարության նիստում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը` նշելով, որ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը սկզբունքորեն դեմ չէ: «Առաջարկում եմ կառավարությանը այս օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկել, սակայն այստեղ կան բացթողումներ, որոնք պետք է ճշգրտվեն»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի` ասել է նախարարը։
Ըստ Գ. Դանիելյանի` օրինագծում կան դրույթներ, որոնք խոցելի են դարձնում վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության ընթացակարգը: «Նշված է, որ չի կարելի պատասխանատվության ենթարկել այն անձին, որը կրկնում է նախկինում որեւէ լրատվամիջոցում արված վիրավորանքը եւ զրպարտանքը՝ եթե դա չի հերքվել։ Պետք է ասել, որ նախկինում հասկացության բնորոշումը տրված չէ՝ նախկինում կարող է լինել մեկ ժամ առաջ, մեկ օր առաջ»,- ըստ ռադիոկայանի` նկատել է նախարարը` ավելացնելով նաեւ, որ եթե որեւէ անձ չի փորձում հերքել իր հասցեին արված զրպարտանքը, դա դեռ չի նշանակում, որ մեկ այլ լրատվամիջոց առանց որեւէ պատասխանատվության կարող է զրպարտանքը կրկնել:
Նախարարը ընդգծել է նաեւ, որ վիրավորանքի եւ զրպարտության համար քրեական պատասխանատվությունը այսօր գործնականում չի կիրառվում, այսինքն՝ օրենքը իշխանության ձեռքին լծակ չի կարող դառնալ Հայաստանում խոսքի ազատությունը ճնշելու կամ սահմանափակելու համար։




























