Ոստիկանությունն ուսումնասիրում է Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի տան հարեւանությամբ Վարդան Ղուկասյանի տղայի կրակոցների մասին տեղեկությունները, որպեսզի պարզի, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե քաղաքապետի որդին գնացել է եւ Սամվել Բալասանյանի տան շրջակայքում սպառնալիքներ հնչեցրել, բողոքի հանրահավաքներ է կազմակերպում եւ այլն:
«Վստահաբար կարող ենք ասել, որ այսօրինակ բամբասանքի տարածման հետեւում կանգնած են կոնկրետ հանձնառություն ունեցող շահագրգիռ մարդկանց խումբ, որոնք տարիներ շարունակ իրականցրել եւ շարունակում են իրականացնել տեղեկատվական սադրանք` վարկաբեկելով Գյումրիի քաղաքապետին եւ նրա ընտանիքի անդամներին: Սա շարունակությունն է 2007թ քաղաքապետի դեմ ուղղված կրակոցների եւ 2012թ նրա փեսացուի սպանության»,- ասաց նա:
Նրա խոսքով` տեղեկատվությունը տարածվում է մի քանի կայքերի միջոցով, ինչը խոսում է այն մասին, որ խունտա է աշխատում Վարդան Ղուկասյանի դեմ, անընդհատ նույն ձեռագիրն է: Մամուլի քարտուղարի համար անհասկանալի է, թե ինչու համար է այս ամենը արվում եւ ինչ են ուզում ապացուցել, բայց մեկ բան պարզ է` «նման տեղեկատվություն տարածողները պետք է պատասխան տան դրա համար»:
Ի դեպ, Վարդան Ղուկասյանի` քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հետ կապված որեւէ հստակություն չկա, մամուլի քարտուղարը կրկնեց նույնը «կգա ժամանակը, կասենք»:
Վարդան Ղուկասյանի որդու «արարքների» հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի մամուլի քրատուղար Զոհրապ Եգանյանին: Նա նշեց, որ երբ Վարդան Ղուկասյանի տղան` Սպարտակը, եկել է Սամվել Բալասանյանի տան մոտ, պատգամավորը տանը չի եղել եւ այդ մասին իմացել է շրջակայքում ապրող մարդկանցից: Մարդիկ պատմել են, որ Ղուկասյաններին պատկանող մեկ ավտոմեքենա է եկել-կանգնել Սամվել Բալասանյանի տան շրջակայքում, ինչ-որ աղաղակներ, բարձր ձայներ, խոսակցություններ են լսվել: Բայց Սամվել Բալասանյանի ընտանիքի անդամներից ոչ մեկը կրակոցներ, սպառնալիքներ չի լսել:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե այդ դեպքից հետո Սամվել Բալասանյանն ավելացրել է թիկնապահների թիվը, Զոհրապ Եգանյանը նշեց, որ Սամվել Բալասանյանն ընդհանրապես թիկնապահներ չունի:




























