«Հարսնաքարի գործով» կազմած հարցաշարն իր կարեւորությունը չի կորցնում` անկախ նրանից, թե ով է այն ստորագրել կամ չի ստորագրել: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք արտահայտեց ՀՅԴ-ի անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով մասնակցել էր հարցաշարի ձեւավորման աշխատանքային խմբին: «Մեզ համար կարեւոր է, որ այդ հարցերը տեղ հասնեն», - պատասխանեց Ա. Մինասյանը:
«Ժառանգությունից» աշխատանքային խմբի անդամ Ռուբեն Հակոբյանը եւս որեւէ կարեւորություն չտվեց նրան, թե ով է հարցաշարը ստորագրել: «Մեզ համար բացարձակապես միեւնույն է` կստորագրեն, թե ոչ», -ավելացրեց նա:
Հիշեցնենք, հարցաշարը ձեւավորելուն մասնակցել էին ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսը եւ «Բարգավաճ Հայաստանը», որը հետագայում գերադասեց այն չստորագրել: Մնացած երեք խմբակցությունների ստորագրությամբ այն ուղարկվեց Հայաստանի կառավարություն ու Գլխավոր դատախազություն: Խմբակցությունները նպատակ են հայտնել տեղեկատվություն ստանալ Վահե Ավետյանի եւ նրա հետ մի քանի այլ անձանց դեմ դաժան ծեծի եւ բռնության հետ առնչվող մանրամասն փաստերի վերաբերյալ:
Հարցաշարի ձեւավորման աշխատանքային խմբին մասնակցել էին նաեւ ՀԱԿ-ի անդամ Գագիկ Ջհանգիրյանը եւ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:




























