Նախորդ տարվա եւ 2012 թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի տարածքում ձերբակալվել են 244 անձինք, որոնց նկատմամբ հետախուզում էր հայտարարված Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, միեւնույն ժամանակ հայկական կողմը ձերբակալել է 192 անձանց, որոնք հետախուզվում էին Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից: Այս մասին նշվել է հուլիսի 23-ին կայացած Ռուսաստանի ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի ոստիկանության միավորված կոլեգիայի տասներեքերորդ նիստում։ Ըստ հայտարարված ցուցանիշների՝ 2011 թ. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի է ենթարկվել 37 հանցագործ: Հայկական կողմն իր հերթին այդ ընթացքում Ռուսաստանին է հանձնել 4 անձանց, որոնք որոնվում էին ռուսական իրավապահ մարմինների կողմից: 2012 թ. Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի ենթարկվածների թիվը 20-ն է:
Նշենք, որ նիստի օրակարգում եղել է երկու հարց.
1. 2010-2011 թթ. միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի եւ հանցավոր ընկերակցությունների պարագլուխների ու կազմակերպիչների, ինչպես եւ անդամների հանցավոր գործունեության կանխման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության փոխհամագործակցության արձանագրության կատարման ընթացքի մասին:
2. Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի 2013 թ. աշխատանքի պլանի նախագծի մասին:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում նշվել է, որ ըստ Համաձայնագրի՝ կոնկրետ քայլեր են կատարվել Ռուսաստանի ՆԳՆ եւ Հայաստանի ոստիկանության համապատասխան ծառայությունների օպերատիվ-փնտրողական գործունեության ոլորտում, այդ առումով՝ հիմնականում ուշադրություն է դարձվել օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը, նպատակային աշխատանքային խմբերի կազմավորմանը՝ միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի եւ հանցավոր ընկերակցությունների պարագլուխների ու կազմակերպիչների, ինչպես եւ անդամների հանցավոր գործունեության փաստաթղթավորման եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների գործընկերության արդյունավետության բնութագրական ցուցիչ է նաեւ նախաքննությունից ու դատարանից խուսափող անձանց գտնվելու վայրերի հայտնաբերմանն ուղղված համատեղ աշխատանքը:
Նիստի ընթացքում նշվել է, որ պլանաչափ զարգանում է նաեւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված համագործակցությունը:
Կազմակերպվել է տեղեկատվության, այդ թվում օպերատիվ տեղեկատվության փոխանակում թմրամիջոցների հետ անօրինական գործողություններ կատարելու մեջ կասկածվող կամ այդպիսի գործողությունների համար Ռուսաստանի Դաշնության կամ Հայաստանի հանրապետության տարածքում ձերբակալված անձանց, ինչպես եւ թմրամիջոցների տեղափոխման ճանապարհների ու երթուղուղիների վերաբերյալ:
Քննարկումների արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության համատեղ որոշում այդ հարցի վերաբերյալ:
Օրակարգի երկրորդ հարցի քննարկման ընթացքում հաստատվել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի հերթական նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետները: Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի հաջորդ նիստը տեղի կունենա 2013 թ. հուլիսին, Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Տեղեկացնենք, որ նիստը նախագահել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցեւը:
Նիստին մասնակցել են միավորված կոլեգիայի անդամները, ինչպես եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության կենտրոնական ապարատի եւ օպերատիվ վարչությունների պետերը:




























