ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հուլիսի 23-ի որոշումը` մերժել թուրքամետ առեւտրային թիվ 2362 նախագծի լրացված տարբերակը, որը Թուրքիային թույլ կտար ներդրումներ կատարողի դեր ստանձնել ամերիկյան բնիկ բնակչությամբ ցեղային շրջաններում: Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

Հնդկացիական ցեղային առեւտրի եւ ներդրումների վերաբերյալ նախագիծը սկզբում առաջարկել է կոնգրեսական Թոմ Քոուլը, որը ենթադրում է օրենսդրորեն սահմանափակել հնդկացիական ցեղային տարածքներում արտասահմանյան առեւտրային արտոնությունները, այն հատկացնելով միայն մեկ երկրի` Թուրքիային:

Այդ նախագծի կողմնակիցները, այդ թվում թուրքական շահերի լոբբինգով զբաղվող կազմակերպությունները, հարգելով ԱՄՆ միջազգային առեւտրային պարտավորությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի եւ այլ ամերիկահայ ու ամերիկահույն կազմակերպությունների հակազդեցությունը, ստիպված են եղել Առեւտրի համաշխարհային կազմակերպության բոլոր անդամ-երկրներին նման հնարավորություն ընձեռել:

Նոր խմբագրված նախագիծը, որտեղ դեռեւս պահպանվում են թուրքամետ ձեւակերպումներ, 222-160 ձայների հարաբերակցությանը մերժվել է` «կանոնների գործողության դադարեցման օրացույցի» համապատասխան: Նշենք, որ «կանոնների գործողության դադարեցման օրացույցի» շրջանակներում քննարկվող օրինագծերի դեպքում անհրաժեշտ է ձայների 2/3-ը:

«Անկարայի պաշտոնյաները, ակնհայտորեն, շահագրգռված են հասարակության հետ կապերի ոլորտում հաղթանակներով, ստեղծելով կեղծ տպավորություն` ԱՄՆ բնիկների հետ համերաշխության վերաբերյալ»,-ասել է ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանն ու հավելել. «Այդուհանդերձ, նման թափանցիկ ու ցինիկ ջանքերը չեն թաքցնում եւ երբեք չպետք է թաքցնեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը, քրդերի հանդեպ ճնշումները, քրիստոնյաների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու Կիպրոսի օկուպացիան: Եթե Թուրքիան ցանկանում է պաշտպանել բնիկ բնակչությանը, նա պետք է դադարեցնի բռնությունները, խտրականությունը եւ Անատոլիայի բնիկ ժողովուրդների նկատմամբ   արդարադատությունից հրաժարումը: Եթե այդ երկիրը ձգտում է առեւտրի զարգացման, այն պետք է սկսի Հայաստանի տնտեսական շրջափակումը վերացնելուց»:

ԱՄՆ Կոնգրեսի հայամետ եւ հունամետ խմբերի անդամները, այդ թվում Ջոն Սարբեյզը, Հայկական խմբի ղեկավար Ֆրենք Փալոունը եւ Հունական խմբի համանախագահ Քերոլին Մելոնին վճռականորեն դեմ են հանդես եկել թուրքամետ օրինագծին Ներկայացուցիչների պալատում: Օրինագծին դեմ են հանդես եկել նաեւ Ներկայացուցիչների պալատի Բնական ռեսուրսների հարցերի հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Էդ Մարկին, Հովարդ Բերմանը, կոնգրեսական Բրեդ Շերմանը, Հուս Բիլիրակիսը, Էլիոթ Էնգելը, Շելլի Բերքլին եւ Հարրի Աքերմանը: