Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը այսօր` հուլիսի 24-ին, ընդունել է  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գնահատող խմբի անդամներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Նրանց փոխանցմամբ`  ԱՄՆ   Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանի Հանրապետության հետ 2013-18թթ. պետության զարգացմանն ուղղված համագործակցության ռազմավարությունը նախապատրաստելու նպատակով իրականացնում է գնահատման գործընթաց` ժողովրդավարական գործընթացների, արդյունավետ կառավարման զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ` գնահատելու Հայաստանում Միջազգային զարգացման գործակալության գործունեության եւ ծրագրերի իրականացման միջավայրը:

Հանդիպման ընթացում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ դատախազության համակարգի կառավարման եւ գործունեության կազմակերպման սկզբունքները, դատաիրավական բարեփոխումների արդյունքում իրականացված փոփոխությունները: Կարեւորվել են իրավապահ մարմինների փոխհամագործակցված աշխատանքները հանցավորության դեմ պայքարում, նախաքննության եւ հետաքննության օրրինականության նկատմամբ դատախազական հսկողության նշանակությունը:

Անդրադարձել են նաեւ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը, մասնավորապես` կոռուպցիայի դեմ պայքարում, եւ որպես դրական օրինակ` նշվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող քաղաքացիների շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոնների հետ համագործակցված աշխատանքները:

Հանդիպման մասնակիցները դրական են գնահատել օրենսդրական բարեփոխումները եւ շնորհակալություն հայտնել` իրազեկման համար: