Հայաստանի  կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները հուլիսի 23-ից կասեցվել են 30 աշխատանքային օրով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն, այսօր` հուլիսի 23-ին, դռնփակ նիստում մերժել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ներկայումս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբանի բողոքը: Հիշեցնենք, որ Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատարանից պահանջել էր վերացնել «Սիվիլիթաս» հիմնադրամին եւ նրա հիմնադիր Օսկանյանին առնչվող քրեական գործ հարուցելու մասին Ազգային անվտանգության ծառայության որոշումը: Նա բողոքարկում է փողերի լվացման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը: Նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վ. Օսկանյանը հիշյյալ գործով վկա է:

Հիշեցնենք,որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։

Այս առնչությամբ Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել էր. «ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից եւ ցուցմունք չտալ»: Նա հայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում

Նշենք, որ օգոստոսի 18-ին, ժամը 10:00-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դռնփակ նիստում կքննվի Սիվիլիթաս հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը: