Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայի 16 հասցեում գտնվող  սուպերմարկետի հետնամասից հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 13 անձանց: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:

Բերման ենթարկվածներից 25-ամյա Հրաչ Գ.-ի վարած «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է առանց  գործարանային համարի 9 մմ տրամաչափի  «Մակարով» ատրճանակ` փամփշտակալի  մեջ  8 փամփուշտով, 32-ամյա ծնված Մանուկ Ս.-ի  «Մերսեդես»  ավտոմեքենայից՝  երկու դանակ,  38-ամյա Վաղարշակ Հ.-ի  «Մերսեդես» մակնիշի  մեքենայից՝  ծալովի դանակ եւ  մանուշակագույն  5 դեղահաբ`  «311» գրառումով,  27-ամյա Կարեն Ա.-ի «ԲՄՎ-523» մակնիշի ավտոմեքենայից՝ դեղին գույնի 8 դեղահաբ եւ դանակ:

Նոր Նորքի թիվ 7 շուկայի հետնամասի զննությամբ, այնտեղ կայանված «Մերսեդես»,  «ԲՄՎ-X5»,  «ԲՄՎ»,  «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենաներից 10 մ հեռավորության վրա գտնվող զուգարանի մուտքի մոտ հայտնաբերվել է  «Մակարով» ատրճանակ` փամփշտակալի մեջ 8 փամփուշտով: Նշանակվել են դատաքիմիական, դատատեխնիկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

Բերման ենթարկվածներից 37-ամյա Արտակ Հ.-ն  եւ  25-ամյա Հրաչ Գ.-ն  ձերբակալված են: Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Կատարվում է նախաքննություն: