Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունն այսօր` հուլիսի 25-ին, հայտարարություն է տարածել Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան երթուղիներում «Քինգ դե Լյուքս» եւ «Տրանսկոմֆորտ» ընկերությունների (պատկանում են Արթուր Հարությունյանին` Պալաչ մականունով) եւ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջեւ առաջացած կոնֆլիկտի վերաբերյալ:

«…նախարարության կողմից ուսումնասիրությունների եւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ աշխատանքները կազմակերպելու այնպես, որ բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի։ Նախարարությունը կարեւորելով բարեգործության նշանակությունը մեր ժողովրդի սոցիալական շերտերի համար, այսուհետ ավելի հետեւողական է լինելու, որպեսզի այդ գործառույթները իրար չխոչընդոտեն»,-նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մոտ 6 ամիս առաջ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առանց համապատասխան թույլտվությունների սկսել է կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնել Աբովյան-Երեւան-Աբովյան եւ Չարենցավան-Երեւան-Չարենցավան երթուղիներով, որոնք մրցույթի արդյունքներով պատկանել են «Քինգ դե Լյուքս» եւ «Տրանսկոմֆորտ» ընկերություններին: Այդ ընկերությունների վարորդները հուլիսի 11-ին գործադուլ էին հայտարարել: