Իր անսկզբունքայնությամբ եւ ապատեղեկատվությամբ եւս մեկ անգամ ինձ զարմացրեց Ահարոն Ադիբեկյանը: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը:

«Մինչ քարոզարշավը սկսելը ես, Ստեփնաակերտում պատահաբար հանդիպելով Ադիբեկյանին, խնդրել էի լինել ազնիվ եւ ճիշտ մոտենալ Արցախին: Սակայն այս մարդու մոտ նյութապաշտությունը ավելի մեծ արժեք է, ինչն արտահայտվեց արցախյան կուսակցություններից մեկի պատվերով թվեր նկարելու եւ իմ մասին ապատեղեկատվություն տարածելու տեսքով: Ինձ համար հատկապես ցնցող էր, որ Ադիբեկյանն իրեն թույլ է տալիս «ԼՂՀ փոքր համայնք» ադրբեջանական ձեւակերպումը:

Միեւնույն ժամանակ ծիծաղելի են Ադիբեկյանի մոտեցումներն Արցախում ընդդիմության դերի վերաբերյալ: Դա ավելի շուտ հիշեցնում է ավտորիտար ռեժիմների փաստաբանների ծիծաղելի փաստարկները, ինչը խիստ վտանգավոր է Արցախի ապագայի համար»,- գրել է Բալասանյանը:

Նրա խոսքով, Արցախի ժողովուրդը միշտ էլ եղել է միաբան Արցախի հարցի շուրջ եւ եթե Աստված մի արասցե պատերազմ սկսի, նորից նույն ժողովուրդը միահամուռ ուժերով կպաշտպանի իր երկիրը Արցախը համայնք տեսնել ցանկացողներից: «Անընդունելի է, երբ այդ նույն ժողովրդի ճակատագրի մասին տարիներ շարունակ բանակցություններ են վարվում եւ այդ նույն ժողովուրդը անտեղյակ է դրանից: Հենց սրան հակազդելու համար է պետք ընդդիմությունը կամ իշխանությունների այլընտրանքը: Արցախի ժողովուրդը այսօր եւ այսուհետ պետք է լինի ըմբոստ` հանուն իր իրավունքների պաշտպանության եւ արդյունավետ պետության ստեղծման:

Մեջբերում իմ ելույթից, որն Ադիբեկյանի կողմից ապակողմնորոշիչ մեկնաբանման էր արժանացել: «Ես խոստանում եմ ձեզ, որ լինելու եմ բոլորիդ նախագահը եւ որեւէ մեկն իր արած ընտրության կամ քաղաքական հայացքների համար չի հետապնդվելու: Իմ առաջին քայլը ընտրությունների պատճառով թիմերի բաժանված ժողովրդին միավորելը եւ արարիչ աշխատանքի մղելն է լինելու»:

Ինչ վերաբերվում է ՊՆ արտագնա կոլեգիայի նիստի արձանագրություններին, որոնց հրապարակումը ըստ Ադիբեկյանի, ինձ ցմահ կվարկաբեկին, խնդրում եմ Ադիբեկյանին եւ նրան վճարողներին հրապարակել այդ արձանագրությունները: Եթե ոչ, ապա Արցախի մասին ադրբեջանական մոտեցումները կիսող Ադիբեկյանին ստիպված եմ խղճուկ զրպարտիչ համարել»,- նշել է Բալասանյանը: