NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում օգոստոսի 1-ին, ժամը 18-ի սահմաններում 4 քաղաքացիների Սեւանա լիճն ընկելու դեպքի վերաբերյալ: Դեպքի վայրում է եղել նաեւ NEWS.am-ի թղթակիցը:

Նա պատմեց, որ 4 երիտասարդներ «Տրիմառան» տիպի առագասատանավով շրջադարձ կատարելիս հուժկու քամու պոռթկումի պատճառով շրջվել են: Ականատեսներն ափից նկատել են, թե ինչ է կատարվում եւ այդ մասին ահազանգել են պատկան մարմիններին: Ափին գտնվող քաղաքացիները եւս ձեռնամուխ են եղել երիտասարդներին օգնելուն, օրինակ` NEWS.am-ի թղթակիցը մեքենայով շրփել է ափի երկայնքով եւ այդպես ջրից լողալով դուրս եկած երիտասարդներին տեղափոխել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում օգոստոսի 1-ին, ժամը 18-ի սահմաններում Սեւանա լիճն են ընկել 4 քաղաքացի: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել են, որ անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը. սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով, հետ է վերադարձվել: Պարզվել է, որ 16-ամյա Ա. Ստեփանյանը, 17-ամյա Հ. Թադեւոսյանը, 22-ամյա Ն. Ավագյանը եւ 25-ամյա Ս. Մինասյանը հեծանվանավակով հեռացել են ափից, այնուհետեւ` լողալով վերադարձել: Զոհեր եւ տուժածներ չկան: